ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն է տարածել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ստեֆան Վիսկոնտին՝ Ֆրանսիայից, Էնդրյու Շոֆերը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներից և Իգոր Խովաևը՝ Ռուսաստանի Դաշնությունից) ուրբաթ օրը հայտարարություն են տարածել:
Հայտարարությունում նշվում է, որ համանախագահները հոկտեմբերի 7-ին և 8-ին Ժնևում խորհրդակցություններ են անցկացրել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) փոխնախագահ Կարբոնիերի հետ: Հանդիպումներին ներկա է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
Մասնակիցներն ընդգծել են միջազգային մարդասիրական կազմակերպությունների կողմից տարածաշրջան լիարժեք և անարգել մուտքի կարևորությունը` իրենց աշխատանքներն իրականացնելու համար: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների կառուցողական հանդիպման լույսի ներքո համանախագահները ողջունել են Ադրբեջանի կողմից մեկ հայ զինծառայողի ազատ արձակումը, ինչպես նաև քննարկել են հնարավոր հումանիտար միջոցառումները, այդ թվում ` ձերբակալվածների, անհայտ կորածների և բոլոր տեղահանվածների կամավոր վերադարձը:
Համանախագահներն ընդգծել են կողմերի հետ աշխատանքը շարունակելու մտադրությունը` համաձայնության ոլորտներ գտնելու համար:
«Համանախագահները դրական են ընկալել վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի հրապարակային հայտարարությունները, որոնցում նրանք սկզբունքորեն պատրաստակամություն են հայտնել միմյանց հետ հանդիպել համանախագահների հովանու ներքո»,-ասվում է փաստաթղթում:
Համանախագահները «անհամբերությամբ են սպասում հնարավորությանը»՝ կողմերի հետ քննարկելու նման հանդիպման պայմաններն ու մանրամասները և վերահաստատելու իրենց պատրաստակամությունը մոտ ապագայում այցելել տարածաշրջան՝ քննարկելու հաջորդ քայլերը: