Գիտնականները վտանգավոր վարակի դեմ պայքարի նոր միջոց են գտել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուս գիտնականները հակաբիոտիկների հանդեպ կայուն ստաֆիլոկոկների դեմ պայքարի նոր միջոց են հայտնաբերել, դրանք կյանքին սպառնացող վարակներ են առաջացնում, այդ թվում՝ մաշկի վնասվածքներ, թոքաբորբ, մենինգիտ եւ սեփսիս: Գիտնականների նպատակը ոչ թե նոր դեղերի որոնումն է, այլ եղածների ուժեղացումը:
Ինչպես հաղորդվում է Ռուսաստանի գիտական հիմնադրամի կայքի մամուլի հաղորդագրության մեջ, հետազոտողները պարզել են, թե ինչպես բարձրացնել ցեֆալոսպորինների` β-լակտամային հակաբիոտիկների արդյունավետությունը, որոնք բնութագրվում են բակտերիաների (β-լակտամազներ) կողմից արտադրվող ֆերմենտների նկատմամբ բարձր կայունությամբ: Այս դեղերը օքսիդատիվ սթրեսի միջոցով ախտահարում են բակտերիաների ԴՆԹ-ն, երբ թթվածնային ռադիկալները սկսում են օքսիդացնել մանրէաբանական բջիջի կարեւոր բաղադրիչները:
Դրա համար գիտնականները ազդեցություն են գործել ԴՆԹ-ի վերականգնման համակարգի վրա, որը հատուկ մոլեկուլի միջոցով մանրէների պաշտպանության մակարդակներից է: Ցածր մոլեկուլային քաշ ունեցող միացությունն արգելափակել է հակաբիոտիկների ազդեցությունից բակտերիաների ԴՆԹ-ն պաշտպանող ֆերմենտների ակտիվությունը: Հակաբիոտիկի հետ միասին, այս միացությունը ձեւավորում է համակցված դեղամիջոց, որը շատ ավելի արդյունավետ է, քան հակաբակտերիալ դեղամիջոցն առանձին վերցրած:
Գիտնականները կարծում են, որ նմանատիպ մոտեցումը կարելի է կիրառել այլ բակտերիալ վարակների, այդ թվում՝ տուբերկուլյոզի դեպքում: Հետագայում հետազոտություններում նախատեսում են ընտրել առավել արդյունավետ նյութեր, որոնք ուժեղացնում են հակաբիոտիկների ազդեցությունը: Նմանատիպ միացություններ արդեն օգտագործվում են հակաբակտերիալ դեղամիջոցները մանրէների ֆերմենտների քայքայումից պաշտպանելու համար: