Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՄԱԿ-ում Էրդողանի հայտարարություններին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՄԱԿ-ում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ղրիմի վերաբերյալ հայտարարություններին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ -ի Գլխավոր ասամբլեայի աշնանային նստաշրջանում, հայտարարել է, որ Անկարան պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և օրինական չի համարում Ղրիմի կցումը Ռուսաստանի Դաշնությանը:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանելով Էրդողանի հայտարարությանը, ասել է, որ Կրեմլը ցավում է, որ Ղրիմի վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները լսվում են այն պահին, երբ նախապատրաստվում է Թուրքիայի առաջնորդի այցը Ռուսաստան:
«Այդուհանդերձ, մենք կնախընտրեինք կենտրոնանալ մեր երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման և փոխգործակցության թեմաների վրա` լուծելու մեր տարածաշրջանում առկա շատ թեժ մարտահրավերները»,-հավելել է Պեսկովը:
Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ Թուրքիայի դիրքորոշումը քաջ հայտնի է Ռուսաստանին և Մոսկվան կտրականապես համաձայն չէ այս դիրքորոշման հետ:
«Ղրիմի վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումը քաջ հայտնի է Ռուսաստանին, Մոսկվան կտրականապես համաձայն չէ այս դիրքորոշման հետ, մենք կշարունակենք աշխատանք տանել Թուրքական կողմի հետ»,-եզրափակել է Պեսկովը: