Ռուս վերլուծաբանը կանխատեսել է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների մոտալուտ հանդիպում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆinfo24.ru-ն գրում է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի մասնակցությամբ Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ գագաթնաժողովը կարող է տեղի ունենալ մինչև 2021 թվականի վերջը: Այս կանխատեսումն է արել Ռուսաստանի քաղաքական և տնտեսական հաղորդակցությունների գործակալության առաջատար վերլուծաբան Միխայիլ Նեյժմակովը: Իր գնահատականում փորձագետը հիմնվում է վերջին տարիների ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ միջազգային միջնորդների ջանքերի դինամիկայի վրա: Ըստ Նեյժմակովի, այդ ջանքերը սեզոնային բնույթ են կրում, և մասնավորապես ակտիվանում են աշնան սկզբին և տարեվերջին: «Ներկայումս Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության համար կարևոր է միջազգային լսարանի առջև երկխոսության բաց լինելը, չնայած հավանաբար սահմանային գոտում լարվածությունը առաջիկա ամիսներին կպահպանվի», - ասել է վերլուծաբանը:
Ըստ Նեյժմակովի Ադրբեջանի և Հայաստանի համար ձեռնտու է պարբերաբար միջազգային ասպարեզում հայտարարել Ղարաբաղի վերաբերյալ միմյանց հետ երկխոսության պատրաստակամության մասին, իսկ Ռուսաստանի համար, իր հերթին, կարևոր է ընդգծել բանակցային գործընթացի զարգացմանը իր միջնորդությունը: Ինչ վերաբերում է երկրների ներսում եռակողմ բանակցությունների ընկալմանը, ապա դա, բավականին «զգուշավոր» է: Նա որպես օրինակ է բերել Հայաստանը, որտեղ մամուլը պարբերաբար հրապարակում է աղմկոտ նյութեր հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ադրբեջանին որոշակի զիջումների գնալու մտադրության մասին: Ամփոփելով իր կանխատեսումը ՝ Նեյժմակովը եզրակացրել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը կարող է տեղի ունենալ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ այնպես ինչպես դա եղավ 2020 թվականի նոյեմբերին և 2021 թվականի հունվարին:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը