Հայ-վրացական սահմանին սկսել են կառուցել «Բարեկամության կամուրջ»-ը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆrossaprimavera.ru-ն գրում է, որ Վրաստանի և Հայաստանի սահմանին Դեբեդ գետի վրա սկսվել է «Բարեկամության կամրջի» կառուցումը։ Այդ մասին հուլիսի 10-ին հաղորդել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունը: Հաղորդվել է, որ կամրջի շինարարությունն իրականացնում է Ariana Tunnel Dam ընկերությունը (Իրան): Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կողմից հատկացվել է 6 միլիոն ԱՄՆ-ի դոլարի շինարարական վարկ: Վրաստանը և Հայաստանը հավասարապես բաժանել են այս գումարը վճարելու պարտավորությունը:
«Մենք պատրաստ ենք հետագա համագործակցության ոչ միայն ենթակառուցվածքային նախագծերի շրջանակներում, այլ նաև այդ երկու երկրների զարգացմանը նպաստող ցանկացած ուղղությամբ», - ասել է ՎԶԵԲ Կովկասի տարածաշրջանային տնօրեն Կատարինա Բյորլին Հանսենը:
Հարկ է նշել, որ կամուրջը կառուցվում է գոյություն ունեցող կամրջին զուգահեռ, որը կառուցվել է ԽՍՀՄ գոյության տարիներին: Բեռնափոխադրումների աճի հետ մեկտեղ անհրաժեշտություն է առաջացել կառուցել նորը: Նախատեսվում է, որ այն պատրաստ կլինի մինչև 2022 թվականի մայիսը: Կամրջի շինարարությունը պետք է սկսվեր 2019 թվականի աշնանը, սակայն տեխնիկական պատճառներով աշխատանքը հետաձգվել է: Այնուհետև աշխատանքները հետաձգվել են համաճարակի և Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների պատճառով:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը