Այժմ նախակրթարանների շենքային պայմանները ավելի խիստ են լինելու. Աննա Կոստանյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿԳՄՍ-ի կողմից ներկայացված նոր նախագիծը՝ նախադպրոցական հաստատությունների և զարգացման կենտրոնների լիցենզավորման կարգի փոփոխության մասին ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ ընդունվեց։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց խմբակցությունը կողմ է քվեարկել այս նախագծին, քանի որ այն հնարավորություն կտա նախակրթական ոլորտը կարգի բերել, զերծ պահել ոլորտը պատահական մարդկանցից։
«Այս նախագծով լիցենզավորման կարգը խստացվում է և ամեն ոք այլևս չի կարողանա նախակրթարան կամ զարգացման կենտրոն բացել։ Այժմ պահանջները շատ ավելի խիստ են դրված լինելու»,- տեղեկացրեց Աննա Կոստանյանը։ Նա նշեց նախակրթարանների շենքային պայմաններին վերաբերող լիցենզավորման գործընթացը միայն խրախուսել կարելի է, քանի որ նախակրթարանը Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու կրթության զրոյական մակարդակն է, հիմքը դրվում է այդտեղից։ «Մենք շատ ենք խոսել այն մասին, որ կրթության որակը պիտի փոխվի հենց նախադպրոցական տարիքից»,-ասաց Կոստանյանը։