Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին մեկ այլ զորամաս է բացել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀունիսի 24-ին Լեռնային Ղարաբաղի`Հայաստանի հետ սահմանին գտնվող և 44-օրյա պատերազմից հետո Բաքվի վերահսկողության տակ անցած Որոտանի (Կուբաթլու) շրջանի տարածքում Ադրբեջանը նոր զորամաս է բացել, գրում է minval.az-ը:
Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության պետ, գեներալ-գնդապետ Էլչին Գուլիևը շնորհավորել է անձնակազմին: Արարողությունից հետո ստուգվել են զորամասերի և ստորաբաժանումների մարտական պատրաստության հետագա բարձրացման և անձնակազմի անվտանգության ապահովման աշխատանքները:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։