«Մեծ յոթնյակ»-ի գագաթնաժողովում վեճ է տեղի ունեցել Էմանուել Մակրոնի և Բորիս Ջոնսոնի միջև
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Մեծ յոթնյակ»-ի գագաթնաժողովի ընթացքում վեճ է տեղի ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի միջև, հայտնում է Channel News Asia լրատվականը և հավելում, որ Լոնդոնը մեղադրել է Ֆրանսիային Հյուսիսային Իռլանդիան Միացյալ Թագավորության մաս չհամարելու մասին «վիրավորական» արտահայտության համար։
2016 թվականից ի վեր, ինչ Միացյալ Թագավորությունը քվեարկել է Brexit-ի (Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ կազմից դուրս գալու գործընթաց) օգտին, երկու կողմերը փորձում են հստակեցնել հետբրեքսիթյան առևտրին և ԵՄ անդամ Իռլանդիայի հետ սահմանակից բրիտանական ծայրամաս Հյուսիսային Իռլանդիային առնչվող հարցերը։
Առևտրային հարց քննարկելիս Մակրոնն ասել է, որ Հյուսիսային Իռլանդիան Միացյալ Թագավորության մաս չէ, ինչը Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը կոչել է «վիրավորական»։
«ԵՄ տարբեր գործիչներ տարիներ շարունակ Հյուսիսային Իռլանդիան բնութագրում են որպես առանձին պետություն, և դա սխալ է։ Մենք այդ կերպ չենք խոսի Կատալոնիայի և Բարսելոնայի, կամ Ֆրանսիայում Կորսիկայի մասին», - ասել է Ռաաբը։
Մակրոնը, իր հերթին, լրագրողներին ասել է, որ կողմերը պետք է դադարեցնեն ժամանակ վատնել առևտրային վեճերի վրա, և նշել, որ Ֆրանսիան երբեք կասկածի տակ չի դրել Միացյալ Թագավորության ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը։
Հիշեցնենք, որ ԵՄ կազմից թագավորության դուրս գալու պայմանների շուրջ բանակցություններն սկսվել էին 2017 թվականի հունիսի 19-ին և նախատեսված էին երկու տարով, սակայն մի քանի անգամ երկարացվել են: