Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուզում եմ թրաֆիքինգի զոհ դառնալ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Անահիտը թրաֆիքինգի զոհ է: Սոցիալական նեղ պայմանները նրան դրդել են ռիսկի դիմել` երիկամը վաճառելու համար մեկնել Շրի Լանկա: Նրա խնամքի տակ են իր երեք անչափահաս երեխաները, մահացած քրոջ դուստրը, մայրը և աշխատանք չունեցող փաստացի ամուսինը: Երիկամը վաճառելու միտքը հղացել է արտերկիր մեկնելուց երկու տարի առաջ, մի քանի անգամ գնացել է «Արաբկիր» ԲԿ (հայաստանյան միակ բուժհիմնարկը, որտեղ կատարում են օրգանների փոխպատվաստում), սակայն մերժում է ստացել:

 Մի օր էլ Անահիտին գտնում է Սերգեյ Հովսեփյանը և խոստանում` օգնել երիկամը վաճառելու հարցում: Արդեն դատարանում Անահիտը պատմում է, թե ինչպես է 2011-ի նոյեմբերի 11-ին Սերգեյի անմիջական կազմակերպմամբ` նա մեկնում Շրի Լանկա, եւ, համաձայն նախապես պայմանավորվածության, պետք է տասն օր անց վերադառնար, սակայն որոշ խնդիրների պատճառով վիրահատությունը կատարվում է մոտ երկու ամիս հետո: 2012-ի հունվարի 7-ին հեռացնում են նրա ձախ երիկամը, վճարում 7000 դոլար` խոստացված 10 հազարի փոխարեն, ասելով, որ 3000-ը ծախսել են իր երկուամսվա ապրուստի համար: Թեև Անահիտը ցուցմունքում նշում է նաև, որ այնտեղ ծխախոտը թանկ էր, իսկ ինքը շատ էր ծխում, ինչևիցէ, պայմանավորվածության խախտման համար կինը չպետք է վճարեր:

 Սերգեյ Հովսեփյանի միջնորդությամբ ևս երկու հայաստանցի Շրի Լանկայում վաճառել է երիկամը, մեկը Շրի Լանկա գնացել էր, սակայն չէր վիրահատվել` ռեցիպիենտի (մարդը, ում պետք է փոխպատվաստվի դոնորի օրգանը կամ հյուսվածքը) հետ արյան անհամատեղելիության պատճառով, իսկ երկու հոգի էլ չէին հասցրել արտերկիր մեկնել: Ընդհանուր` վեց տուժող էր անցնում Ս. Հովսեփյանի դեմ հարուցված քրեական գործով:

 25-ամյա այս տղան դոնորիներին (բացառությամբ` Անահիտի) հավաքագրել էր list.am կայքում տարածած հայտարարության միջոցով: Ի դեպ, հենց ինքն էլ հայտարարությունների միջոցով փնտրել էր երիկամի կարիք ունեցողների, գտել Շրի Լանկայում երիկամի առուվաճառի միջնորդների, վաճառել էր ձախ երիկամը, ստացել 12 հազար դոլար, այնուհետև ինքն էլ սկսել էր միջնորդություն անել` ամեն գործարքից 2000 դոլար ստանալով:

 Սերգեյ Հովսեփյանը 2012-ի հուլիսի 31-ին առաջին ատյանի դատարանի դատավճռով դատապարտվեց 8 տարվա ազատազրկման` Քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին, երկրորդ և վեցերորդ կետերով` մարդու թրաֆիքինգը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից երկու կամ ավելի անձանց նկատմամբ` ՀՀ պետական սահմանը հատելով` անձի տեղափոխումը կազմակերպելու միջոցով: Այնուհետև վերաքննիչ դատարանը հոկտեմբերի 8-ի որոշմամբ` մերժում է մեղադրյալի պաշտպանի բողոքը և անփոփոխ թողնում առաջին ատյանի դատարանի դատավճիռը: Վճռաբեկ դատարանին այս գործով բողոք չի ուղարկվում, դատավճիռը մտնում է ուժի մեջ:

 Ես գիտեմ, որ դա արգելված է, բայց…

 Հայաստանյան իրականության մեջ առաջին անգամ երիկամի առուվաճառի բացահայտված դեպքը որոշակիորեն զգոնացրեց այս հարցերով հետաքրքրվողներին, սակայն փաստը մնում է փաստ, որ դեռևս կարելի է հենց հայկական պորտալների միջոցով թե երիկամ վաճառողների, թե երիկամ առնել ցանկացողների հայտարարություններ գտնել:

 Կարդալով 50-ամյա մի տղամարդու` երիկամը վաճառելու մասին հայտարարությունը, զանգահարում ենք: Զանգին պատասխանողը կին է, ով մի քիչ խուճապահար ասում է, որ երիկամ չեն վաճառում: Մեկ-երկու րոպե հետո այդ նույն համարից մեկ այլ կին է զանգահարում ու ասում, որ այո`իր երիկամը վաճառում է: 50-ամյա Գայանեն մեզ հետ զրույցում մանրամասնում է, որ առաջին անգամ զանգին պատասխանողը 75-ամյա մայրն է եղել, ով չգիտի իր` երիկամը վաճառելու մտադրության մասին. «Դուք նոր մորս հետ էիք խոսում, իմացավ, թե հեսա կգնամ այդ քայլին, մի տեսակ ցայտնոտի մեջ էր ընկել: Դե ինքն էլ մամա է, կցավի ինձ համար, բայց ոչինչ…»:

 Գայանեն երիկամը ցանկանում է վաճառել` սոցիալական ծանր վիճակից ընտանիքը փրկելու համար, իր խոսքերով` երիկամի դիմաց ստացվելիք գումարը երկու ամուսնացած դուստրերին օգնելու համար է պետք. «Ես գիտեմ, որ մեր երկրում դա արգելված բան է, շատ լավ եմ հասկանում, բայց ինձ էլ շատ մեծ գումար է պետք, որովհետև ընտանիքս ծայրահեղ վիճակում է: Ես բժշկությունից էդքան էլ հեռու մարդ չեմ, շատ լավ եմ հասկանում ամեն ինչ, բայց ծայրահեղ վիճակ է, նման բան պիտի անեմ, որ իմ երեխաներին էս վիճակից հանեմ»: Իսկ հարցին, բա հետո երեխաներն իրենց վատ չեն զգա, որ իմանան, պատասխանում է. «Ե՞րբ կիմանան: Երբ հանեմ-պրծնեմ: Էդ ժամանակ ոչինչ, կհաշտվեն»:

 Գայանեն հայտարարության մեջ իր երիկամը բավականին բարձր է գնահատել` 50 հազար դոլար. հույս ունի, որ մի հարուստ արտասահմանցու աչքին այդ գումարը չի էլ երևա: Այս դեպքում հարց եմ տալիս, թե արդյո՞ք հայտարարությանը արտասահմանից որևէ մեկն արձագանքել է. «Երանի չէր, որ նման առաջարկ լիներ, սպասում եմ, վազելով կգնայի»:

 Գայանեն թրաֆիքինգի պոտենցիալ զոհ է: Տեսականորեն, օգտվելով խոցելի վիճակում գտնվելուց, հնարավոր է դառնում նրան շահագործելը: Նման անելանելի վիճակում էին գտնվել նաև Սերգեյ Հովսեփյանի գործով անցնող տուժողները: Առաջին ատյանում դատավարությանը հետևելու ընթացքում մի բան պարզ էր. տուժողները դեռ մի բան էլ գոհուշնորհակալ էին, որ Սերգեյն օգնել-միջնորդ էր եղել իրենց երիկամի վաճառքը կազմակերպելու հարցում ու նույնիսկ չէին վրդովվում այն հանգամանքից, որ իրենց երիկամի հաշվին Սերգեյը փող էր աշխատել: Հենց այս հանգամանքով էլ պայմանավորված է նման հանցագործությունների լատենտայնությունը:

 Երիկամ վաճառել կամ առնել ցանկացողները գիտեն, որ Հայաստանում արգելվում է կենդանի կամ դիակային դոնորից վերցված օրգանների և հյուսվածքների առուվաճառքը, սակայն չգիտեն` թե ինչ պատասխանատվության կարող են ենթարկվել այդ քայլին դիմելու համար: Կամ էլ տեղյակ են, որ որևէ պատասխանատվության էլ չեն ենթարկվի:

 «Մարդուն օրգաններ և/կամ հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքի 2-րդ հոդվածն ամրագրում է այդ արգելքը, սակայն արիուտես, որ այս արգելքի ոտնահարումը որևէ պատասխանատվություն առաջ չի բերում, եթե չկա Քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածում նշված հատկանիշները, որոնք են. «…մարդուն հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, թաքցնելը կամ ստանալը, ինչպես նաև մարդուն շահագործելը կամ շահագործման վիճակի մեջ դնելը կամ պահելը՝ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ հարկադրանքի այլ ձևերով, առևանգման, խաբեության կամ վստահությունը չարաշահելու, իշխանությունը կամ վիճակի խոցելիությունը օգտագործելու կամ նրան վերահսկող անձի հետ համաձայնություն ձեռք բերելու նպատակով նյութական կամ այլ օգուտ տալու կամ ստանալու կամ այդպիսիք խոստանալու միջոցով…»:

 Սերգեյ Հովսեփյանի գործով մեղադրող, ներկայումս Շենգավիթ վարչական շրջանի դատախազ Արթուր Դավթյանը մեզ հետ զրույցում նշում է, որ նույնիսկ եթե առաջին հայացքից օրգանի առուվաճառքի դեպքում չկան վերոնշյալ հոդվածով թրաֆիքինգի հատկանիշները, սակայն, այնուամենայնիվ, դեպքը պետք է քննության առարկա դառնա. «Հովսեփյանի գործն էլ հենց էդպիսի ընթացք էր ունեցել: Քննության առարկա դարձան այդ հայտարարությունները (նկատի ունի ինտերնետի միջոցով տարածված հայտարարությունները-Ա.Կ.), և պարզեցինք, որ հայտարարության հիման վրա երիկամը հանձնած մարդիկ գտնվել են խոցելի վիճակում: Այս դեպքում առկա էր հանցակազմը, ենթարկեցինք քրեական պատասխանատվության»:

 Սակայն արդյո՞ք գոնե այս մասով թրաֆիքինգի դեպքերը հնարավորինս չեն կանխվի, եթե պատասխանատվություն (վարչական կամ քրեական) սահմանվի օրգանների և հյուսվածքների առուվաճառքի բոլոր դեպքերի համար: Օրինակ, հետխորհրդային և եվրոպական մի շարք երկրներում (Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուսիա, Գերմանիա և այլն) գործարքի մասնակից բոլոր կողմերն էլ կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել: Դատախազ Ա. Դավթյանը սակայն կողմ չէ բոլոր դեպքերում քրեական պատասխանատվություն ենթարկելուն. «Նմանատիպ բոլոր դեպքերը վերցնել ու դարձնել հանցագործություն, կարծում եմ ծայրահեղություն է: Կարող է ազգականը լինել դոնոր և այդ ազգականին դրա դիմաց շնորհակալության կարգով գումար տան, բերենք սա դիտենք որպես հանցագործություն և ենթարկենք քրեական պատասխանտվությա՞ն: Ես կարծում եմ, որ ամեն կոնկրետ դեպքին կոնկրետ գնահատական է պետք տալ»:

 Իսկ այն հարցին, թե այնուամենայնիվ, արդյո՞ք հայասատանյան օրենսդրությունում այս առումով չկա բացթողում (գուցե վարչական պատասխանտվություն պետք է նախատեսվի), Արթուր Դավթյանը պատասխանում է, թե իրավական ակտերով նախատեսված ոչ բոլոր արգելքներն են պատասխանատվություն ենթադրում, իսկ կոնկերտ այս մասով, օրինակ, բժիշկը, ով կատարել է փոխպատվաստման վիրահատությունը, կարող է վարչական պատասխանատվության ենթարկվել. «Եթե բժիշկը տեղյակ էր ու արեց, ապա մենք միջնորդագիր կգրենք առողջապահության նախարարին, և նա կարող է հրամայել արգելքը խախտելու համար բժշկին ազատել աշխատանքից, նկատողություն տալ, և այլն: Այսինքն` կարգապահական ներգործություն կլինի նրա վրա, սակայն քրեաիրավական պատասխանատվություն չի լինի, եթե այլ հանգամանքներ իհայտ չգան»:

 Բժիշկներն էլ զգոն են: Բացի ինտերնետային պորտալները, երիկամի առուվաճառքով հետաքրքրվածները դիմում են «Արաբկիր» բժշկական կենտրոն: Նույնիսկ այս բուժհիմնարկի տարածքում ոչ հաճախ, բայց կարելի է տեսնել վաճառքի մասին հայտարարություններ: Կենտրոնի նեֆրոլոգիայի ծառայության ղեկավար պրոֆեսոր Արթուր Սարգսյանը մեզ հետ զրույցում ասում է, որ ժամանակին շատերն էին գալիս ու հետաքրքվում դոնոր լինելու պայմանների մասին. այժմ քչերն են դիմում, որովհետև գիտեն` մերժում են ստանալու:

 Իսկ այն դեպքերը, երբ վիրահատությունը պետք է կատարվի, ապա իրենք էլ փորձում են հնարավորությունների սահմաններում տեղեկանալ և վստահ լինել, որ առուվաճառքի գործարք չկա դոնորի և ռեցիպիենտի միջև. «Մենք իրավապահ մարմին չենք, ինչքանով կարող ենք համոզվել, նայում ենք: Առաջին հերթին ապահովագրում ենք մեզ: Չեմ կարող ասել` ինչ խնդիր կարող է առաջանալ, որովհետև տասը տարվա ընթացքում որևէ խնդիր չի առաջացել: Բայց մենք ուզում ենք համոզված լինել, որ ոչ մի օրենք չի խախտվում»,- ասաց Ա. Սարգսյանը:

 Առուվաճառքի մասին հայտարարությունները չեն արգելվում

 Երբ ուսումնասիրում ենք միջազգային օրենսդրությունը, ապա նկատում ենք, որ շատ երկրներում արգելվում է օրգաների և հյուսվածքների առուվաճառքի վերաբերյալ հայտարարություններ անելը: Մասնավորապես` Բելառուսիայի «Մարդու օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման մասին» օրենքի 5-րդ հոդվածի վերջնամասում նշվում է. «…Հատուցում ենթադրող գործարքները, ինչպեսև օրգաններ և հյուսվածքներ առաջարկելու մասին գովազդները արգելվում են»:

 Իսկ ահա Մարդու օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման վերաբերյալ մարդու իրավունքների և բիոբժշկական կոնվենցիայի 2002թ-ի հունվարի 24-ին վավերացված փոփոխության 6-րդ գլխի 21-րդ հոդվածի առաջին մասով սահմանվում է, որ մարդու մարմինն ու դրա մասերը չեն կարող օգտագործվել ֆինանսական կամ դրան համապատասխան շահ ստանալու նպատակով, իսկ երկրորդ մասը վերաբերում է առուվաճառքի հայտարարություններին. «Ֆինանսական կամ դրան համապատասխան հատուցում առաջարկելու կամ փնտրելու նպատակով օրգանների կամ հյուսվածքների անհրաժեշտ լինելու կամ դրանց առաջարկի մասին հայտարարություն տալն արգելվում է»: Նշենք սակայն, որ այս կոնվենցիան ՀՀ-ի կողմից դեռևս չի ընդունվել:

 Մարդու օրգանները հանելու միջոցով թրաֆիքինգը դատապարտող երևելի փաստաթղթերից մեկն էլ Ստամբուլյան հռչակագիրն է, որն ընդունվել է ապրիլի 30-ից մայիսի 2-ին Փոխպատվաստողների ընկերակցության (TTS) և Նեֆրոլոգների միջազգային կազմակերպության (ISN) կողմից Ստամբուլում կազմակերպված գագաթաժողովի մասնակիցների կողմից: Ի դեպ, այս գագաթաժողովին որպես ՀՀ ներկայացուցիչ մասնակցել է պրոֆեսոր Արթուր Սարգսյանը, ում շնորհիվ էլ իմանում ենք փաստաթղթի մասին:

 Այս փաստաթղթի վեցերորդ կետում նշվում է, որ օրգանների առևտուրն ու փոխպատվաստումային տուրիզմը ոտնահարում են արդարության սկզբունքները և պետք է արգելվեն, իսկ «ա» ենթամասում մասնավարոպես խոսվում է օրգանների առուվաճառքի մասին հայտարարություններ տարածելու անթույլատրելիության մասին. «Այս գործողությունների արգելումը ենթադրում է նաև բոլոր տիպի գովազդների (այդ թվում էլեկտրոնային և տպագիր ԶԼՄ-ներում), հայտարարությունների արգելում, որոնք նպաստում են փոխպատվաստումների կոմերցիոնալիզացիային, փոխպատվաստումային տուրիզմի և օրգանների առուվաճառքի զարգացմանը»:

 Հայաստանյան օրենսդրությունում նույնպես նման իրավանորմ կա: Մասնավորապես` «Գովազդի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 75կետում նշվում է հետևյալը. «Արգելվում է մարդու օրգանների և հյուսվածքների առևտրային (կոմերցիոն) բնույթ կրող գովազդը»: Սակայն այս օրենքը վերաբերում է միայն լրատվամիջոցներով տարածված և բնակավայրերում տեղադրված արտաքին գովազդին: Այսինքն` կարծես թե օդում են մնում հայտարարությունների համար նախատեսված ինտերնետային կայքերը: Եվ մյուս կողմից` այս օրենքի 1-ին հոդվածի 5-րդ կետը սահմանում է, որ օրենքը չի տարածվում ֆիզիկական անձանց հայտարարությունների վրա, որոնք կապված չեն ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ: Այսինքն`շարքային քաղաքացու կողմից օրինակ սյունին փակցված երիկամը վաճառելու մասին հայտարարության վերաբերյալ օրենսդրական որևէ արգելք չենք գտնում:

 Թերևս սա է պատճառը, որ հայկական ինտերնետային դաշտում հայտնվում են ոչ միայն տեղացիների, այլև արտասահմանցիների կողմից արված հայտարարություններ, որոնք հիմնականում դոնոր են փնտրում: Մասնավորապես` list.am-ում տեսնում ենք երիկամի դոնորի պահանջի մասին հայտարարությունը, որտեղ հայտարարություն տվողի բնակավայրի մասում գրված է «Հայաստանից դուրս»: Էլեկտրոնային նամակ ենք գրում այն բովանդակությամբ, թե «վաճառում եմ երիկամս»: Ստանում ենք պատասխանը. «Գրեք ձեր հեռախոսի համարը` կապ հաստատելու համար»: Սակայն մեր միգուցե «անհաջող» պատասխանից հետո կապն ընդհատվում է:

 Ինչևիցէ, դատախազ Արթուր Դավթյանը նշում է, որ դեռևս Հովսեփյանի գործի քննության ժամանակ ինքը` որպես հետաքննությունը վերահսկող մարմին, հանձնարարել է քննիչին` ուշադրության կենտրոնում պահել ինտերնետային նմանատիպ հայտարարությունները. «Այսինքն` դատախազությունը նախանշել է գործելու քայլերը, իսկ մնացածն արդեն տեխնիկայի, ժամանակի հարց է, թե որքանով վերահսկելի կլինեն, որքանով կկարողանան հայտարարությունների հեղինակներին հայտանաբերել: Այստեղ նաև մարդու իրավունքներն էլ չպիտի խախտվեն. ինչպես գիտեք այդ տվյալները պրովայդերների կողմից հեշտությամբ չեն տրամադրվում. պետք է հարուցված լինեն քրեական գործեր, որոշ դեպքերում նույնիսկ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների առթիվ»:

 Ա. Դավթյանը պարզաբանեց նաև, որ հայաստանյան իրավապահ մարմինները կարող են հանցագործության վերաբերյալ քննություն սկսել, եթե այն սկսվել կամ շարունակվել կամ ավարտվել է Հայաստանում: Այսինքն` եթե արտասահմանցին ՀՀ տարածքում հավաքագրում է դոնորներ (անկախ այն բանից, թե հետագայում վիրահատությունը որտեղ է կատարվում), ապա իրավապահները պետք է հետաքրքրվեն դրանով:

 Ինչևիցէ, անկախ այն բանից, թե իրավապահները որքանով են զգոն նման հայտարարությունները ուսումնասիրելու հարցում, փաստը մնում է փաստ, որ օրգանների առուվաճառքը դասվում է բարձր լատենտայնություն ունեցող հանցագործությունների շարքում: Դատախազ Ա. Դավթյանը չի բացառում, որ առուվաճառքի դեպքեր եղել են ու չեն բացահայտվել` հավելելով, որ Հովսեփյանի գործն էլ չէր բացահայտվի, եթե Անահիտի ամուսինը կնոջ տևական բացակայությունից անհանգստացած չդիմեր ոստիկանություն:

Իսկ որ թրաֆիքինգի այս ձևի կատարմանը նպաստում է նաև անարգել կերպով հայտարարությունների տարածումը, նույնպես փաստ է:

 Հ.Գ. Հերոսների անունները պայմանական, փոխված անուններ են:

                                                                                       Աստղիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Օգոստոսի 10-ից 13-ը գազանջատումներ են սպասվումԳերմանիայում ցույց է անցկացվել Մերցի կառավարության դեմՄոդին համաշխարհային ռեկորդ է սահմանել. 303 միլիոն դիտում՝ 24 ժամում23-ամյա ուսանողի մշակած հավելվածը հարավկորեական App Store-ում շրջանցել է նույնիսկ Google Maps-ը Ռուսաստանի տարածքում ոչնչացվել է ուկրաինական 360 անօդաչու թռչող սարքՕգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին, 13-ին, 14-ին, 17-ին, 18-ին և 20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՈղբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԱդրբեջանի Սարով գյուղում տանը 18-ամյա աղջկա դի է հայտնաբերվելՀայհիդրոմետի տնօրենը գրել էԱրտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռներըԱլիևն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել«Ինտեր»-ը հաղթեց «Յուվենտուս»-ինՔրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊԶելենսկին ու Վուչիչը քննարկել են համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններըՀրդեհի ահազանգ Սայաթ-Նովա պողոտայում. շենքից տարհանվել է 5 բնակիչՃապոնական Յակիշիմե կերամիկայի ցուցահանդեսը երկարաձգվել է մինչև օգոստոսի 30-ըՈրոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՓաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցելՍիցիլիայի օդանավակայանը փակվել է Էթնա հրաբխի ժայթքման պատճառովԵրևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն ընդունի հանրապետության պայմաններըԵրևանում անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարզական փառատոնԴմիտրի Մեդվեդև. Արևմուտքի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կրկնում է վրացական սցենարըԵղանակը առաջիկա 5 օրերին Էստոնիայում կոչ են արել փակել Ռուսաստանի հետ սահմանը Խաղաղությունն անհնար է առանց ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինվшծ ուժերի դուրսբերման․ Իշխան Սաղաթելյան Տղամարդը ծեծել է շտապօգնության բժշկին և վարորդին Իրական խաղաղությանն ուղղված թիվ մեկ քայլը պետք է լիներ մեր բոլոր գերիների ազատ արձակումըԻրանի ԱԳ նախարարը հարևան մահմեդական երկրներին «իսկական եղբայրության» կոչ է արել 68 տարեկանում կյանքից հեռացել է Լիոնել Մեսսիի հայրը ՀՕՊ-ն առավոտյան խnցել է 83 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը». Մխիթար Հայրապետյան Որ հարցնես՝ կասեն՝ եթե խոսենք, սահմանին խաղաղություն չի լինի, պшտերազմ կuադրենք և այլ հիմարnւթյուններ․ Տիգրան Աբրահամյան «Քաղաքագետ Աթաև. Փաշինյանը ընդդիմության առաջնորդներին համարում է անձնական թշնամիներ» Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են խոտ տեղափոխող «ԳԱԶ 53» և «Opel»․ Shamshyan Ալիեւն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 15 վագոն ցորեն և 10 վագոն քարածուխ Փորձագետ Խալաթյան. Հայաստանի դուրս գալը ԵԱՏՄ-ից չի կարող հանգեցնել միության փլուզմանը Հայկական կոնյակի և գինու վաճառքի անկումՊատմական ամնեզիա. Ինչո՞ւ է Հայաստանը կրկին վստահում Եվրոպային և մերժում Ռուսաստանին Փաշինյան․ «TRIPP-ը կօգնի, որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց ընկալեն որպես ճանապարհ, ոչ թե խոչընդոտ» Տեղի է ունեցել Գառնիի ճակատամարտը. պատմության այս օրը (8 օգոստոս)Սև ծովից մոտենում է ցիկլոն, որը կբերի զովություն և խոնավություն․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) «Հրապարակ». Որքան գումար են վաստակում կին նախարարներն ու նրանց ամուսիններըՀաջորդը զինվորականներն են. «Հրապարակ» Ռուսաստանը խմբային հարվածներ է հասցրել Ուկրաինային Մահացել է 26-ամյա հայտնի տիկտոկերը (լուսանկար) Կցանկանայի հաղթել Չեմպիոնների լիգան․ Հենրիխ Մխիթարյան Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելուՀայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում
Ամենադիտված