Պեսկովը Ուկրաինայի իրադրությունը վտանգավոր է համարել Ռուսաստանի համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակը վտանգավոր է անվանել, քանի որ այնտեղ «մոտ ժամանակներս կարող է վերսկսվել քաղաքացիական պատերազմը»:
«Մեր կողքին մի երկիր է, որտեղ մենք չենք բացառում, որ ղեկավարությունը կրկին հնարավոր կհամարի ներքին խնդիրը լուծել ուժային մեթոդներով։ Արդյոք դա վտանգավոր է մեզ համար։ Իհարկե, վտանգավոր է։ Մենք պետք է միջոցներ ձեռնարկենք մեր անվտանգությունն ապահովելու համար։ Պետք է։ Ահա, մենք դա անում ենք»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման ժամանակ Պավել Զարուբինին տված հարցազրույցում։
Պեսկովը հերքել է այն պնդումները, թե Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Վլադիմիր Պուտինի հետ զրույցում «պահանջել է դադարեցնել ռուսական ռազմական ուժեղացումը արևելյան Ուկրաինայի շրջանում»:
«Մերկելն իսկապես ասել է, որ մեզ Եվրոպայում անհանգստացնում է ռուսական զորքերի կենտրոնացումը սահմանների շրջանում ։ … «Դրան հաջորդել են պետության ղեկավարի համապատասխան պարզաբանումները»,- ճշտել է Պեսկովը:
Նա ընդգծել է, որ զորքերի տեղաշարժերը երկրի ներսում Ռուսաստանի անձնական գործն է, որը չպետք է որևէ մեկի մոտ անհանգստություն առաջացնի։