«Ռուսաստանը դավաճանե՞լ է Հայաստանին». Պոզների հարցը՝ Ռոբերտ Քոչարյանին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուսական Առաջին ալիքի «Պոզներ» հաղորդման եթերում, պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանը դավաճանե՞լ է Հայաստանին, ասել է` որոշ ուժեր փորձում են հակառուսական հիստերիա ստեղծել Հայաստանում:
«Այս թեման բարձրաձայնվում էր տևական ժամանակ, նույնիսկ պատերազմից առաջ: Հիմնականում այն ուժերը, որոնք դժգոհ են Հայաստանում ռուսական կողմնորոշումից: Հիմա նոր իրավիճակ է ստեղծվել, և այդ նույն ուժերը նորից անում են հնարավոր առավելագույնը հակառուսական տրամադրություններ հարուցելու համար: Բայց պատերազմը հրահրողը Ռուսաստանը չէր: Ռուսաստանը հնարավոր ամեն բան արեց պատերազմը կանգնեցնելու համար», - հավելել է Քոչարյանը:
ՀՀ երկրորդ նախագահը հիշեցրել է հոկտեմբերի 19-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի արած առաջարկը ՝ կապված ադրբեջանական բնակչությանը Շուշի վերադարձնելու պայմանով ռազմական գործողությունները դադարեցնելու հետ:
Ըստ Քոչարյանի` պատերազմը բոլորովին այլ դասավորվածությամբ դադարեցնելու հնարավորություն կար, բայց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանատվություն չվերցրեց նման որոշման համար: Արդյունքում Հայաստանը շատ ավելին կորցրեց, քան կկորցներ հոկտեմբերի 19-ի դրությամբ:
Պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է ինքն ընդհանուր առմամբ վերաբերվում այն փաստին, որ Ռուսաստանը զենք է մատակարարել Ադրբեջանին, Քոչարյանն ասել է` եթե Ռուսաստանը չլիներ, Ադրբեջանը կարող էր զենք գնել այլ երկրներից: