Ռուս մասնագետները ԲԴԽ–ի հայ ներկայացուցիչներին են ներկայացրել իրենց փորձը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԷլեկտրոնային արդարադատության արդի խնդիրները քննարկել են ՌԴ մայրաքաղաքում հյուրընկալված ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի պատվիրակության ներկայացուցիչներն ու Մոսկվայի քաղաքային դատարանի գործընկերները։ Տեղեկությունը հայտնում է ԲԴԽ–ի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը։
«Ռուս մասնագետները հայ գործընկերներին են ներկայացրել իրենց փորձը: Հատկապես կարևորվել է այնպիսի նպատակային ծրագրերի իրականացումը, որոնք վերաբերում են էլեկտրոնային արդարադատության փուլային ներդրմանը, դատական գործերի կառավարման ժամանակակից թվայնացված համակարգին, արդարադատության համակարգային մշտադիտարկմանը, արդարադատության ծախսատարության կրճատմանը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Բարձրագույն դատական խորհրդի ներկայացուցիչներն իրենց հերթին ներկայացրել են Էլեկտրոնային արդարադատության համակարգի նորացված ծրագրային ուղղություններով ՀՀ դատական համակարգում, մասնավորապես՝ Երևան քաղաքի դատարանում կատարված աշխատանքը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Գերագույն դատարանի նախագահի հրավերով մարտի 28-ին ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի պատվիրակությունը մեկնել է Մոսկվա: Այցի շրջանակում նախատեսված են մի շարք հանդիպումներ։