Ընտրություններն ի՞նչ ազդեցություն կունենան համաճարակի թվերի վրա․ Առողջապահության նախարարությունը հրաժարվում է մեկնաբանելուց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանում, հատկապես վերջին շրջանում, կորոնավիրուսի դեպքերը էապես ավելացել են, և ՀՀ վարչապետն էլ խոսելով թվերի աճից, ասել է, որ եթե այս տեմպերով աճի վարակակիրների թիվը , ապա պետք է խստացվեն համաճարակային անվտանգության պահպանման պայմանները։ Քանի որ նախատեսվում է արտահերթ ընտրություններն անցկացնել հունիսի 20-ին, 1or.am կայքը Առողջապահության նախարարությունից փորձեց ճշտել, թե արդյոք ընտրությունների անցկացումը թվերի աճի վրա էապես չի ազդելու։ Մեր հարցին, թե արդյո՞ք կորոնավիրուսի արագ տեմպերով տարածման պայմաններում ընտրություններ անցկացնելը հղի չէ վարակի էլ ավելի տարածմանը, որի արդյունքում իրավիճակը կարող է անվերահսկելի դառնալ, և, այս մտավախության հետ կապված, ի՞նչ դիրքորոշում ունի նախարարությունը, ԱՆ խոսնակը պատասխանեց, որ ինքը քաղաքական հարցերի չի պատասխանում և հրաժարվեց ավելին ասել։ Իրականում այս հարցը քաղաքական ենթատեքստ չունի և վերաբերում է հասարակության անվտանգությանը, բայց նախարարության խոսնակն այն որակեց քաղաքական և հրաժարվեց մեկնաբանելուց։
Սոնա Գիշյան