Գազային նռնակներ, ճայթուկներ. լարված իրավիճակ էր Զելենսկու գրասենյակի մոտ (տեսանյութ)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿիևում երեկ երեկոյան «Աջ սեկտորի» Օդեսայի մասնաճյուղի նախկին ղեկավար Սերգեյ Ստերնենկոյին սատարող ազգայնականները հարձակվել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի վրա:
ՌԻԱ Նովոստիի տվյալներով՝ ակցիային մասնակցել է ավելի քան հազար մարդ։ Նրանք իրենց հետ պաստառներ են բերել՝ ի աջակցություն Ստերնենկոյի։ Ցուցարաները պահանջել են ազատ արձակել նրան։ Նրանք գազային նռնակներ, ճայթուկներ են նետել ոստիկանների ուղղությամբ։
Ավելի վաղ ՝ փետրվարի 27-ին, Կիևում, ուկրաինացի ազգայնականները հարձակվել էին երկրի գլխավոր դատախազի գրասենյակի վրա:
2021 թվականի փետրվարի 23-ին Օդեսայի Պրիմորսկի դատարանը Ստերնենկոյին մեղավոր է ճանաչել մարդու առևանգման մեջ և նրան դատապարտել 7 տարվա ազատազրկման ՝ գույքի բռնագրավմամբ: Ստերնենկոն չի համաձայնել դատավճռի հետ։ Նրա կողմնակիցները դատավճռի հրապարակումից հետո սպառնալիքներ են հնչեցրել մեղադրող կողմի հասցեին։ Նիստից հետո բախումներ են տեղի ունեցել ազգայնականների և ոստիկանության միջև։