Ռուս աղջիկը խորհուրդ է տվել աղջիկներին միայնակ հանգստանալու չմեկնել Հայաստան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆlenta.ru-ն գրում է, որ Հայաստան այցելած մի ռուս զբոսաշրջիկ նախազգուշացրել է աղջիկներին, որ այդ երկրում միայնակ չհանգստանանան: Նա Yandex.Zen հարթակի բլոգում պատմել է իր ճանապարհորդությունից ստացած տպավորությունների մասին:
Ռուս աղջիկը նախ և առաջ նախազգուշացրել է օտար կանանց նկատմամբ տեղի տղամարդկանց մեծ ուշադրության մասին: Ինչպես բացատրել է բլոգերը, կովկասցիները սիրում են սիրահետել աղջիկներին, քանի որ, ըստ նրա՝ հայ կանանց հետ նրանք կարող են միայն լուրջ հարաբերություններ հաստատել ավանդական հարսանիքի տեսքով:
«Ինձ դուր չի եկել, որ նրանք անմիջապես անդրադառնում են անձնական հարցերին: Հարցնում են ամուսնու, ընկերոջ, եղբոր, հայրիկի մասին, ով որտեղ է աշխատում, ինչ է անում: Այսինքն բոլորովին անծանոթ տղամարդը ցանկանում է իմանալ քո մասին ամեն ինչ»,- ասում է ռուս կինը:
Նա նաև զբոսաշրջիկներին խորհուրդ է տվել նման դեպքերում պատասխանել, որ ամուսնացած է, և երեխաներն ու ամուսինը հյուրանոցում իրեն են սպասում, հակառակ դեպքում հայերը, իբր, կշարունակեին սիրահետել:
Նաև, ռուս կինը նախազգուշացրել է ճանապարհորդներին հրաժարվել անվճար ալկոհոլ օգտագործելուց: Չնայած բլոգերը նշել է, որ տեղական գինիները հրաշալի են, բայց աղջիկներին խորհուրդ չի տալիս հարբել: Ամփոփելով՝ հեղինակը հիշեցրել է զբոսաշրջիկներին, որ շատ հեշտ է Հայաստանում ավելորդ կիլոգրամներ հավաքել տեղական համեղ ու ճարպոտ սննդի պատճառով: Աղջիկը հիշել է, թե որքան դժվար է եղել իր համար հրաժարվել ազգային համեղ ուտեստներից:
«Չաղանալը սկսվում է նախաճաշից. դդմի քաղցր շիլա, ապա ձվածեղ տնական պանրով, պանրով նրբաբլիթ ընկույզով, հայկական տապակած ձու լոլիկով, նազուկ, որը շաքարի մեջ խառնված ընկույզով լցոնված բլիթներ են»,- ասել է ռուս աղջիկը: