«Սփյուռ» տեղեկատվական համակարգը նորություններ ունի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍկզբում համաճարակը, հետո պատերազմն անդառնալի հետք թողեցին Հայաստանի տնտեսության վրա:
«Պետք է ուժեղ լինել, աշխատել, կերտել ու արարել, նորից ոտքի կանգնելու և էլ ավելի ամուր լինելու համար: Հզոր երկիր, հզոր բանակ: Սա պետք է լինի մեր նպատակը»,- ասաց «Սփյուռ» տեղեկատվական համակարգի հիմնադիր տնօրեն Աշոտ Գրիգորյանը:
Համաճարակի և պատերազմի ամբողջ ընթացքում «Սփյուռն» աշխատել է հեռավար և ոչ մի օր չի դադարեցրել իր ծառայությունները մատուցել հանրությանը: Այդ օրերին հատկապես պահանջված էին տարբեր տեսակի թեժ գծերը, որոնք շուրջօրյա ռեժիմով տրամադրվում էին «Սփյուռ» զանգահարողներին:
Փետրվարի 1-ից «Սփյուռն» անցավ բնականոն աշխատանքի՝ աշխատավայրում: «Հեռավար աշխատելու հմտությունը մենք կպահպանենք որպես գործիք, անհրաժեշտության դեպքում կիրառելու համար, բայց այսուհետև կաշխատենք աշխատավայրում»,- նշեց Աշոտ Գրիգորյանը:
«Սփյուռը» նոր ռիթմով սկսել է աշխատանքը և արդեն կատարելագործել մի քանի ծառայություն: Տեղեկատվական համակարգից օգտվողներն այսուհետև կկարողանան ստանալ տեղեկություն հաղորդագրությամբ՝ էլեկտրոնային փոստով, SMS-ով կամ «Ֆեյսբուքի» «Մեսենջերով»:
Գործարկվել է «Սփյուռի» 7-րդ տեղեկատուն՝ «Սփյուռ-մեսենջերը»: Եթե մինչև օրս «Սփյուռ» զանգելուց թուղթ և գրիչը պարտադիր էր նշում կատարելու համար, հիմա կարելի է զանգահարել 113 տեղեկատու, բանավոր հարցնել, իսկ պատասխանը ստանալ SMS-ով կամ էլ. փոստով:
Կարելի է նաև գրել «Սփյուռ»-ի «Ֆեյսբուքի» էջին և ստանալ պատասխան «Ֆեյսբուքի» «Մեսենջերով»: «Վարկյանների ընթացքում համակարգը կուղարկի ձեր հարցման պատասխանը»,- նշեց «Սփյուռ» տեղեկատվական համակարգի հիմնադիր տնօրեն Աշոտ Գրիգորյանը: Հարցում կարելի է ուղարկել նաև 095-156005 համարին՝ ստանալ պատասխան SMS-ով, կամ [email protected] հասցեին՝ ստանալով պատասխանը էլ. փոստով:
«Spyur.am կայքում ավելացվել է հայերեն ստեղնաշարային որոնումը: Սա նորություն է համակարգչով որոնողների համար: Եթե օրինակ «ջուր» բառը գրենք հայերեն ֆոնետիկ ստեղներով անգլերեն ստեղնաշարի վրա, այսինքն այսպես՝ «5wu8», ապա ծրագիրը կհասկանա, որ «ջուր» ենք որոնում»,- ասաց «Սփյուռ» տեղեկատվական համակարգի հիմնադիր տնօրենը:
Spyur.am տեղեկատու կայքում քարտեզի վրա ավելացել է «Երթուղի» կոճակը, որը սեղմելիս երևում է դեպի կազմակերպություն տանող ճանապարհը: Պետք է ընդամենը աջ կողմում գտնվող քարտեզի վրա ընտրել «Directions» բառը:
Spyur.am կայքում՝ կազմակերպության էջում, ավելացել է 2 նոր բաժին՝ առցանց գնումներ կատարելու համար և «Բջջային հավելվածներ» բաժինը՝ կազմակերպության բջջային հավելվածները բեռնելու համար:
«Ավելացել է նաև կազմակերպության ապրանք-ծառայությունների տեսականին ներկայացնելու (նկար, անվանում, բրենդ, երկիր) և առցանց պատվիրելու հնարավորություն»,- ասաց Աշոտ Գրիգորյանը:
«Կազմակերպությունը կարող է ներկայացնել իր առավելությունները անմիջապես անվանման տակ, ինչպես տեքստով այնպես էլ լուսանկարով: Բացի հեռախոսահամարից կարելի է ներկայացնել նաև կապի այլ տեսակներ. Viber, WhatsApp, Telegram, Zangi: Աշխատանքային օրերից և ժամերից բացի կարելի է ներկայացնել նաև ընդմիջման ժամերը:»
«Նորությունները շատ են, մենք ընկերություններին առաջարկում ենք ինչպես հաճախորդների, այնպես էլ գնորդների ավելացման ծառայություններ»,- ասաց «Սփյուռ» տեղեկատվական համակարգի հիմնադիր տնօրեն Աշոտ Գրիգորյանը:
Թիմային աշխատանքը «Սփյուռում» ուշադրության կենտրոնում է, իսկ դրական մարդկային հարաբերությունները կարևոր են արդյունավետ աշխատանքի համար:
«Եթե առաջանում է խնդիր, ինչն անխուսափելի է յուրաքանչյուր միջավայրում, առաջինը մտածում եմ, ոչ թե ինչպես լուծել այդ խնդիրը, այլ ինչպես հետագայում խուսափել նմանատիպ խնդիրից: Մեզ մոտ կա կարգապահական կանոնների համակարգ, որն ինքնակարգավորման հիմքով ապահովում է թիմի համերաշխությունը»,– ասաց նա։
Հիմա «Սփյուռ»-ում աշխատում է գրեթե 60 աշխատակից: Իսկ ի՞նչպիսին էին «Սփյուռ»-ի առաջին քայլերը տեղեկատվական շուկայում:
1992 թվականին գործարկված «Սփյուռի» տեղեկատու ծառայությունը սկսել է սպասարկել ընդամենը 1 հեռախոսով: Այսօր «Սփյուռը» սպասարկում է 15 հեռախոսագծով: 1993-ին հրատարակվեց «Սփյուռի» առաջին տեղեկագիրքը, որը հետագայում անվանվեց «Հայաստանի Դեղին Էջեր»: 1997-ին լույս տեսավ «Սփյուռի» տեղեկագրքի առաջին էլեկտրոնային տարբերակը լազերային (CD) կրիչների վրա: Նույն 1997-ին «Սփյուռի» տեղեկատվական շտեմարանն առաջին անգամ տեղադրվեց ինտերնետում: «Սփյուռ»-ը առաջիններից էր, որն ունեցավ կայք՝ spyur.am–ը: Այսօր կայքն ունի օրական 40 000 այցելու:
2003-ին «Սփյուռը» դարձավ "Kompass International"-ի բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում և առաջին անգամ Հայաստանի ընկերությունները ներկայացվեցին միջազգային գործարար տեղեկատու Kompass.com կայքում (ներկայացված է 60 երկրի ընկերություն): «Այդպիսով հայկական բիզնեսը հասանելի դարձավ ամբողջ աշխարհի համար»,- ասաց «Սփյուռ» տեղեկատվական համակարգի հիմնադիր տնօրենը:
2013-ին «Սփյուռի» կողմից մշակվեց «Հայաստանի Դեղին էջեր» տեղեկատու հավելվածը Android և iOS համակարգերով բջջային հեռախոսների և պլանշետների համար: Հավելվածը ինտերնետ չի պահանջում և հնարավորություն է տալիս գտնել անհրաժեշտ մոտակա ընկերությունները:
««Սփյուռ» տեղեկատվական համակարգը միակ ընկերությունն է, որը 29 տարի կայուն իրականացնում է Հայաստանի կազմակերպությունների մասին տեղեկությունների հավաքում, մշակում և անվճար տարածում»,- ասաց «Սփյուռ» տեղեկատվական համակարգի հիմնադիր տնօրեն Աշոտ Գրիգորյանը:
«Սփյուռ»-ը շարունակում է զարգանալ, ընկերության հիմնադիր տնօրենը դա համարում է հաջողության գրավական: