Պերեսը որոշել է՝ Զիդանը մնալու է «Ռեալում»
ՍՊՈՐՏԶինեդին Զիդանը կշարունակի գլխավորել «Ռեալը». նման որոշում կայացրել է մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը:
Ֆլորենտինո Պերեսի մտերիմներից մեկը, ում անունը չի նշվում, «AS» պարբերականին տեղեկացրել է, որ Պերեսն այս որոշումը կայացրել է նախքան թիմի՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալը:
«Ֆլորենտինոն մի քանի շաբաթ առաջ է որոշել, որ Զիդանը մնալու է «Ռեալում»: Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալը չի ազդել նրա որոշման վրա:
«Ատլետիկոյից» սեփական հարկի տակ կրած պարտությունից հետո Զիդանը դժվարություններ է ունեցել, սակայն Պերեսին տպավորել են մարզչի համառությունը և թիմին բարդ իրավիճակից դուրս բերելու կարողությունը»,-«AS»-ի հաղորդմամբ, ասել է Ֆլորենտինո Պերեսի մտերիմը:
Հիշեցնենք, որ Զինեդին Զիդանը «Ռեալը» գլխավորել է հունվարի 4-ին՝ փոխարինելով Ռաֆայել Բենիտեսին, ում աշխատանքից դժգոհ էր ակումբի ղեկավարությունը, իսկ ֆուտբոլիստները տարաձայնություններ ունեին մարզչի հետ: