Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիա իրականացնելիս բերման է ենթարկվել 34 քաղաքացի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով այսօր՝ դեկտեմբերի 8-ին, անհնազանդության ակցիա իրականացնելիս բերման է ենթարկվել 34 քաղաքացի։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունից։
Ոստիկանությունից հայտնեցին նաեւ, որ քաղաքացիները բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):
Նշենք, որ այսօր՝ ժամը 12-ին, լրացավ ընդդիմության ու քաղաքացիների՝ Փաշինյանին հրաժարական տալու համար տրված ժամանակը։
Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ լինելու են անհնազանդության ակցիաներ Հանրապետության ամբողջ տարածքում։
Այսօր Մեծի Տանն Կիլիկո Արամ Ա կաթողիկոսը եւ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը նույնպես կոչ են արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ վայր դնել վարչապետի լիազորությունները։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ստորագրել են համաձայնագիր, որով Ադրբեջանին են անցնում Արցախի 7 շրջանները, Շուշին եւ Հադրութը, ինչպես նաեւ գյուղեր՝ Ասկերանի, Մարտունու եւ Մարտակերտի շրջաններից: