Պուտինն ու Մերկելը քննարկել են ԼՂ-ում տիրող իրավիճակը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույցի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հետագա համագործակցության փոխադարձ պատրաստակամություն են հայտնել, Կրեմլի մամուլի ծառայությանը հղումով գրում է ria.ru-ն։
«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի հետ։ Երկուստեք ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հետագա համագործակցության պատրաստակամություն է հայտնվել։ Մանրամասն քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է ռազմական գործողությունների դադարեցման նպատակով ձեռնարկված միջնորդական ջանքերի, ինչպես նաև շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով Երևանի և Բաքվի խնդրանքով տեղակայված ռուս խաղաղապահների գործունեության մասին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Կողմերը շեշտել են մարտական գործողություններից տուժած բնակչության կենսական խնդիրների լուծման կարևորությունը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։