Մերոնք 4 հոգով ներթափանցել են թշնամու թիկունք, ոչնչացրել ականանետային դասակը և հետ վերադարձել. ՊԲ-ի տեսանյութը
ՎԻԴԵՈԱդրբեջանա-արցախյան հակամարտության գոտու ճակատային գծի հարավային ուղղությամբ վերջին օրերին տեղ գտած բազմաթիվ հերոսական դրվագներից մեկում իրենց անունը փառքով են պսակել ՊԲ-ի զինծառայողներ Արամ Հայկի Զոհրաբյանը, Նվեր Սամվելի Ավանեսյանը, Արթուր Իսակի Սարկիսյանը և Արայիկ Կամոյի Հարությունյանը:
Վերջիններս 4 հոգով ներթափանցել են թշնամական ուժերի թիկունք, ոչնչացրել մեր ուղղությամբ աշխատող ականանետային դասակի ամբողջ անձնակազմին և, առգրավելով կարևոր փաստաթղթեր ու սպառազինություն, բարեհաջող հետ են վերադարձել:
Բարոյամարտական բարձր հատկանիշներ դրսևորելու, անձնական խիզախության ու մարտական բարդ առաջադրանքը անթերի իրականացնելու համար տղաները ներկայացվել են պետական բարձր պարգևների:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 46 քաղաքացիական անձ, վիրավորվել է 142 քաղաքացիական անձ։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։