ԼՂ հակամարտության գոտում զոհվել է Թուրքիայի հովանավորյալ «Ալ Համզա» դիվիզիայի հրամանատարը և ևս 18 վարձկան․ SOHR
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄարդու իրավունքների մշտադիտարկման սիրիական կենտրոնը (SOHR) հայտնում է, որ թուրքական կառավարության կողմից Սիրիայից Ադրբեջան ուղարկված և Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կռվող վարձկաններից մահացել է ևս 18-ը։ Զոհվածների թվում է նաև Թուրքիայից աջակցություն ստացող «Ալ Համզա» դիվիզիայի հրամանատարը։
SOHR-ի աղբյուրների համաձայն՝ զոհված հրամանատարը հիմնականում պատասխանատու էր Լեռնային Ղարաբաղում կռվող «Ալ Համզա» դիվիզիայի խմբերին առաջնորդելու և ղեկավարելու համար:
Ինչպես հայտնում է Կենտրոնը, Թուրքիայի կողմից աջակցություն ստացող խմբավորումների շրջանում զոհվածների ընդհանուր թիվը առնվազն 188 է, ներառյալ՝ 123 գրոհայինները, որոնց մի մասի մարմինները տեղափոխվել են Սիրիա, իսկ մյուսներինը մնացել են Ադրբեջանում:
Նշվում է, որ միայն վերջին մի քանի օրվա ընթացքում SOHR-ի ակտիվիստներն արձանագրել են 36 գրոհայինի մահը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 26-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 24 ինքնաթիռ, 220 անօդաչու թռչող սարք, 600 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 6 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 6674 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 974 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 40 քաղաքացիական անձ, վիրավորվել է 120 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։
Նյութի աղբյուր՝ Tert.am