Այս պատերազմը ոչ թե առանձին դիրքերի, այլ մեծ նշանակության պատերազմ է. Արծրուն Հովհաննիսյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԿարևոր չէ, թե խոցված շարասյունն ինչ տիպի ռազմամթերք էր տեղափոխում, էականն այն է, որ հայկական զինված ուժերն ընդհանրապես հայտնաբերում են և ժամանակին խոցման միջոցներով զենք-զինամթերք տեղափոխող շարասյուները ոչնչացնում են, ինչն այսօր ցուցադրեցինք: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Նրա խոսքով` խուճապ չկա, ամեն ինչ հստակ կառավարվում է և վերահսկվում:
«Այսօր այցելեցի Վարդենիս, տեսա, թե ինչպիսի կարևոր և օպերատիվ աշխատանք են կատարում տեղական ինքնակառավարման մարմինները, ԱԻՆ-ի աշխատակիցները, ոստիկանությունը, շտապօգնությունը: Բոլորը շատ համակարգված մեծ աշխատանք են կատարում»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը: :
Նա ևս մեկ անգամ հորդորեց հնարավորինս սահմանափակել զորքերում ծառայող հարազատներին տարբեր տեսակի զանգեր ուղղելը: Դա վտանգավոր է և թիրախավորում է նրանց:
Արծրուն Հովհաննիսյանը, խոսելով դիրքերի առանձին կորուստների կամ ձեռքբերումների մասին, նշեց, որ պետք չէ առանձնահատուկ անդրադարձ կատարել դրանց:
«Կարող ենք ունենալ վերցրած կամ հանձնած դիրք, դա բացարձակ էական չէ: Այս պատերազմն առանձին դիրքերի պատերազմ չէ, այլ մեծ նշանակության պատերազմ է»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը: