ՊԵԿ-ը տնտեսվարողներին կոչ է անում վերադառնալ կառուցողական դաշտ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՊետական եկամուտների կոմիտեից 1or.am-ին տեղեկացրեցին, որ հագուստի և կոշիկի ներմուծմամբ զբաղվող տնտեսվարողների բողոքի ակցիայի նախօրեին՝ մաքսային պահեստ կատարած շրջայցի ժամանակ, ապրանքների մաքսազերծման հարցը քննարկել են ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանը և Արարատյան մաքսատուն-վարչության պետ Կարեն Բաբայանը:
Քննարկելով տնտեսվարողների բարձրացրած հարցերը, մասնավորապես, գործընթացում ծագող անհարմարությունների և գնային քաղաքականության հետ կապված մտահոգությունները, ՊԵԿ-ը քաղաքացիներին առաջարկել է գույքագրել բոլոր խնդիրները, ինչպես նաև ներկայացնել գնային քաղաքականության վերաբերյալ առաջարկություններ՝ հետագայում համատեղ քննարկելու և աշխատելու նպատակով։ Մոտ 30 րոպե տևած հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ տնտեսվարողները կհավաքագրեն բոլոր խնդիրները և հաջորդ օրը՝ Արարատյան մաքսատան ղեկավարության և տնտեսվարողների մասնակցությամբ աշխատանքային հանդիպմանը կքննարկվեն այդ խնդիրները:
Սակայն քաղաքացիները քիչ անց տեղեկացրել են, որ հրաժարվում են աշխատանքային հանդիպումից և փոխարենը՝ նախընտրում են բողոքի ակցիա իրականացնել Կառավարության շենքի մոտ։ ՊԵԿ-ը տնտեսվարողներին ևս մեկ անգամ հորդորում է հավաքագրել, ամբողջացնել բոլոր խնդիրները և համատեղ աշխատել հնարավոր լուծումները գտնելու ուղղությամբ։
Գագիկ Սահակյան