Ամենամեծ վնասը, որը հասցվել է մեր պետականությանը, պետական ինստիտուտների դեգրադացիան է. Վահագն Խաչատրյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵթե շատ երկրներում համավարակի պատճառով տնտեսական աճի գործոնը մոտ է զրոյի, ապա Հայաստանում այս տարվա առաջին կեսի ցուցանիշներով արդեն իսկ արձանագրվել է անցյալ տարվա համեմատ ՀՆԱ-ի 5,7 %-ի անկում: Եվ եթե շատ երկրներում տնտեսական աճի գործոնը պայմանավորված է արտաքին գործոնով, ապա Հայաստանում այդպես չէ: Հայաստանում դրա հիմնական պատճառը ներքին գործոնով է պայմանավորված, 1or.am-ի հետ զրույցում նշեց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:
«Գնահատելով ներկա իրավիճակը, պետք է ասել, որ բոլոր դեպքերում կառավարության կողմից իրականացված 24 ծրագրերն իրենց դրական արդյունքը տվել են, սակայն մենք կկարողանայինք ավելի քիչ տնտեսական անկում ունենալ, եթե շինարարության տեմպերը մնային նախատեսվածի շրջանակներում»- ասաց Վ. Խարատրյանը:
Ընդհանուր առմամբ, ըստ տնտեսագետի թեև տնտեսական ցուցանիշների նվազում կա, սակայն, դա այնքան չէ, որը կարելի է վտանգավոր համարել: Տնտեսագետը նշեց նաև, որ անցած 20 տարիներին Հայաստանը հայտնի է եղել որպես համակարգված կոռուպցիոն երկիր և պետք չէ այդ ամենից թաքնվել կամ ձևացնել, թե տեղյակ չեն եղել այդ մասին:
«Եվ այս պայմաննեում երկուսուկես տարում նոր համակարգ ձևավորելը հեշտ չէ, բայց պետք է ձգտել և հարկավոր է այնպիսի պետական ինստիտուտներ ստեղծել, որոնք կարողանան իրավիճակ փոխել: Ամենամեծ վնասը, որը հասցվել է մեր պետականությանը, պետական ինստիտուտների դեգրադացիան է»- ասաց Վ. Խարատրյանը:
Արմինե Գրիգորյան