Արմավիրցի երիտասարդը պոռնկագրական բնույթի լուսանկարներ է ստեղծել եւ ստիպել Տաթեւին սեռական հարաբերություն ունենալ իր հետ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԱրմավիրի մարզի բնակիչ Կարեն Խ.-ն մեղադրվում է սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելու մեջ: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ մեղադրական եզրակացության` Կարենը «Օդնոկլասնիկի» սոցիալական կայքում գրանցվել է որպես «marat ser» եւ «ARSEN»: 2016թ հուլիսի 5-7-ն ընկած ժամանակահատվածում նույն սոցիալական կայքով Կարենը նամակագրության մեջ է մտել Տաթեւի հետ: Այս ընթացքում իր ապօրինի գործողություններով եւ շանտաժի ներգործության եղանակով, այն է` համացանցում տեղադրված Տաթեւի լուսանկարները մոնտաժելու միջոցով պոռնկագրական բնույթի լուսանկարներ ստեղծելու եւ դրանք համացանցում հրապարակելու սպառնալիքով, Կարենը նրան ստիպել է իր հետ ունենալ սեռական հարաբերություն:
Կարենին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախատեսում է ազատազրկում մեկից երեք տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Գործը քննվում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: