Ոստիկանության ծառայողները հարգանքի տուրք մատուցեցին ՊՊԾ գնդում զոհված ոստիկանների հիշատակին (տեսանյութ)
ԻՐԱՎՈՒՆՔՈստիկանության ՊՊԾ գնդի տարածքում այսօր՝ հուլիսի 17–ին, հանդիսավոր արարողությամբ հարգանքի տուրք մատուցեցին 2016 թվականին ՊՊԾ գնդի գրավման հետեւանքով զոհված 3 ոստիկանների՝ Արթուր Վանոյանի, Յուրի Տեփանոսյանի և Գագիկ Մկրտչյանի հիշատակին։
Միջոցառմանը մասնակցում էին նաև ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, սպանվածների հարազատներն ու ընկերները։
Նրանք ծաղիկներ խոնարհեցին զոհված ոստիկանների հիշատակին նվիրված հուշաքարին։
Հիշեցնենք՝ «Սասնա ծռեր» զինված խումբը 2016 թվականի հուլիսի 17-ի վաղ առավոտյան գրավել եւ երկու շաբաթ իր վերահսկողության տակ էր պահել ՊՊԾ գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել էր երեք ոստիկան, խմբի անդամները հուլիսի 31-ին հանձնվել էին իրավապահներին: ՊՊԾ գունդը զավթելու եւ նշված այլ արարքները կատարելու մեջ մեղադրվում է 32 անձ: Խմբի անդամներից ներկայումս կալանքի տակ են միայն ոստիկանների սպանությունների կատարման համար մեղադրվող Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը։