Հովերբորդի փաթեթում հերոին են թաքցրել ու տվել հայ վարորդին. մանրամասներ՝ Վերին Լարսում տեղի ունեցած միջադեպից
ԻՐԱՎՈՒՆՔՀՀ քաղաքացիներին տեղափոխող ավտոբուսից հայտնաբերված կասկածելի իրը հայ վարորդին չի պատկանել։ Այս մասին NEWs.am–ին հայտնեց հայկական «Ավազառ բուս» ուղեւորափոխադրող ընկերության պատասխանատու Վիգեն Հարությունյանը։
Նա նշեց, որ Մոսկվայում իրենց ընկերության ներկայացուցչություն են բերել երեխաների համար նախատեսված հովերբորդի փաթեթ։ Կազմակերպությունը, կասկած չունենալով, որ ծանրոցում մանկական իր է, համաձայնել է բեռը հասցնել Երևան։ Սակայն ռուս–վրացական սահմանի Վերին Լարսի անցակետում վրացի սահմանապահները զննելով ավտոբուսը՝ ծանրոցում հայտնաբերել են շուրջ 500 գրամ հերոին տեսակի թմրանյութ, ինչից հետո ավտոբուսը զննելու նպատակով ուղևորներին իջեցրել են, իսկ վարորդին տարել հարցաքննության։
Ընկերության ներկայացուցիչը տեղեկացրեց, որ խնդրով զբաղվում են վրացի իրավապահները և հայ վարորդին իրավական աջակցություն տրամադրող վրացի փաստաբանները։
Նա հավաստիացրեց, որ շուտով հայ վարորդին ազատ կարձակեն, իսկ քաղաքացիներին կտեղափոխեն Հայաստան։
Նշենք, որ ռուս–վրացական սահմանի Վերին Լարսի անցակետում գտնվող ուղևորներին Հայաստան տեղափոխելու նպատակով ուղևորափոխադրող ընկերության կողմից տրամադրված լրացուցիչ մեքենա է ուղարկվել Վերին Լարս։