Արաբկիրի ոստիկանները հայտնաբերել են կրակոց արձակած երիտասարդին
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ այսօր հունիսի 12–ին ժամը 13։45–ին, Քեռու 67 հասցեում գործող հյուրանոցային համալիրի բակում վիճաբանություն է եղել եւ կրակոց է հնչել։
Դեպքի վայր մեկնած ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը տեղում իրականացրած հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել է, որ հյուրանոցային համալիրի տնօրենը բնակիչներից մեկին դիտողություն է արել մեքենան հյուրանոցի բակում վարելու համար, ինչից էլ սկսել է վեճը, որը վերածվել է ծեծկռտուքի։
Այդ ընթացքում մեքենան վարած տղամարդու որդին որսորդական հրացանով կրակոց է արձակել մյուս կողմի ուղղությամբ։
Արաբկիրի քրեական հետախույզները հայտնաբերել են երիտասարդին ու բերման ենթարկել բաժին։ Հրազենը եւս հայտնաբերվել եւ առգրավվել։
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է որսորդական հրացանի պարկուճ, որը նույնպես առգրավվել է։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել խուլիգանության հատկանիշներով, նշանակվել են փորձաքննություններ, հանգամանքները պարզվում են։