Եթե մնամ նախարարությունում, գուցեև հրաժարվեմ կառավարման խորհրդի նախագահի պաշտոնից․ Նազենի Ղարիբյան
ՎԻԴԵՈՕպերային թատոնի աշխատանքային կոլեկտիվը ժողով է հրավիրել՝ անհամաձայնություն հայտնելու մայիսի 22-ի որոշմամբ Օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնում Նազենի Ղարիբյանի ընտրությանը:
Ամիսներ առաջ Օպերայի աշխատակիցներն աշխատակազմից որպես խորհրդի ներկայացուցիչներ ընտրել են Պերճ Քարազյանին և Սերգեյ Սաֆարյանին, սակայն այսօր նրանց «դավաճան» են անվանում․ «Օրենսդրությունը չի պարտադրում, որ կառավարման խորհրդի նախագահ պետք է լինի նախարարը: Առաջարկում ենք հետ կանչել մեր ներկայացուցիչներին և նոր ընտրություններ անել»,- հայտարարում են թատրոնի աշխատակիցները:
«Եթե թատրոնն այստեղ ևս պետք է կամք թելադրի և ասի սրան ենք ուզում, սրան չենք ուզում, ուրեմն այդ կառավարման խորհուրդն ընդհանրապես իմաստ չունի գոյության»,- այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահ Նազենի Ղարիբյանը։
Հարցին՝ հանրավո՞ր է ստեղծված իրավիճակը հաշվի առնելով հիմա որոշի հրաժարվել պաշտոնից, Ղարիբյանը բացասական պատասխան տվեց․ «Չեմ հրաժարվի՝ միայն նրա համար, որ թատրոնի կոլեկտիվի մի մասը չի ուզում, որ ես լինեմ, այդպես չի կարող լինել։ Կառավարման խորհուրդն անկախ մարմին է, և իրենք այնտեղ ունեն ներկայացուցչություն՝ 2 անձ, որոնք մասնակցել են քվեարկությանը և պնդել, որ լինեմ նախագահ։ Եթե կառավարման խորհուրդն ամեն անգամ մի որոշում կայացնի, իրենք բունտ անեն, չհամաձայնվեն, կառավարման խորհուրդն իմաստ չի ունենա։ Իրենք իրավասություն չունեն կառավարման խորհրդի նախագահի դեմ քվեարկեն, իրենք կարող են իրենց տնօրենի, գերխորհրդի անդամների համար միջամտել, բայց ոչ այս դեպքում»,- նշեց նա։
Ղարիբյանը նշեց, որ աշխատանքային կոլեկտիվին կառավարման խորհրդի մասով ընտրություն կատարելու իրավունք վերապահված չէ․ «Ես ինքս չեմ առաջադրվել, բայց քանի որ կառավարման խորհրդի նախագահի ընտրությունն անհրաժեշտություն էր, ներկաները միաձայն խնդրեցին, պնդեցին, որ համաձայնվեմ։ Սակայն հաշվի առնելով մեր կառավարության որդեգրած նոր քաղաքականությունը, որ չպետք է խորհուրդները քաղաքականացվեն, կուսակցականացվեն, հաշվի առնելով նաև, որ նախարարությունները միանալու են, ես իմ վերջնական որոշումը չեմ հայտնել։ Երբ նախարարությունները միանան, և ես մնամ նախարարությունում, որը ևս հարց է, իմ գործառույթներն այնքան շատ կլինեն, որ գուցեև հրաժարվեմ կառավարման խորհրդի նախագահի պաշտոնից։ Այսինքն, սա ժամանակավոր բնույթ է կրում, մինչև նախարարությունները կմիանան և նորից ամեն ինչ կվերահաստատվի»,- ասաց նա։
Ըստ Ղարիբյանի՝ Օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնում իրեն դեմ լինելը պայմանավորված է իրեն լավ չճանաչելով, ինչպես նաև գեղարվեստական ղեկավարի ու տնօրենի շուրջ առաջացած խնդիրներով։
Հիշեցնենք, որ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը դատի է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Նազենի Ղարիբյանին։ Դիրիժորը պահանջում է անվավեր ճանաչել «Մշակույթի նախարարի պարտականությունները ժամանակավորապես Նազենի Ղարիբյանի վրա դնելու մասին» 2019թ. հունվարի 14–ի վարչապետի որոշումն, ինչպես նաև Նազենի Ղարիբյանի 2019թ. մարտի 3–ի՝ Կոնստանտին Օրբելյանի լիազորությունները դադարեցնելու մասին հրամանը։