ԱԱԾ աշխատակցի ինքնասպանության պատճառները պարզելու ուղղությամբ քննություն է տարվում. ՔԿ
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԵրեւանում օգոստոսի 7-ին կախվելու միջոցով ինքնասպան եղած 36-ամյա Խաչիկ Ղահրամանյանի մահվան դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից, Խաչիկ Ղահրամանյանը եղել է ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության կրտսեր տեսուչ:
Նախնական քննության տվյալներով՝ Խաչիկ Ղահրամանյանը օգոստոսի 7-ին՝ ժամը 21։00-ի սահմանում, ինքնասպանություն է գործել Երեւան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող բնակարանում։ Վերջինի դիակը հայտնաբերել է մայրը՝ պարանով կախված հյուրասենյակի բնակարանի մեկ այլ սենյակ տանող դռնից։
Դեպքի առթիվ Երեւանի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Խաչիկ Ղահրամանյանի ինքնասպանության պատճառները պարզելու ուղղությամբ։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ օգոստոսի 7-ին բնակարանում ինքնասպան է եղել 36-ամյա տղամարդ: