Ինչո՞ւ է արգանդի վիրահատությունից հետո 45-ամյա կինը մահացել. Աբովյանի ծննդատան տնօրենի պարզաբանումը
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԿոտայքի մարզում արգանդի վիրահատությունից հետո մահացած 45-ամյա կնոջ մոտ, դատաբժշկական փորձաքննության նախնական տվյալներով, արձանագրվել է սրտի սուր կաթված: Այս մասին NEWS.am-ին ասաց Աբովյանի ծննդատան տնօրեն Լարիսա Մադոյանը:
45-ամյա Արուսյակ Ա.-ն ծննդատուն է ընդունվել օգոստոսի 2-ին, արգանդի միոմա, արնահոսություն ախտորոշմամբ: Լարիսա Մադոյանի խոսքով՝ կինը նախապատրաստվել է վիրահատության, կատարվել են բոլոր անհրաժեշտ հետազոտությունները, այդ թվում՝ էլեկտրոկարդիոսրտագրություն եւ էխոսրտագրություն:
«Հետազոտությունների արդյունքում սրտի կողմից նորմայից շեղումներ չեն հայտնաբերվել: Օգոստոսի 4-ին կինը ենթարկվել է վիրահատության, կատարվել է արգանդի ամպուտացիա: Վիրահատությունը եւ հետվիրահատական շրջանը հարթ է ընթացել:
Օգոստոսի 5-ին մինչեւ ժամը 14:30-ի սահմանները կինը գտնվել է բավարար վիճակում: Այնուհետեւ Արուսյակը գանգատվել է կրծքավանդակի եւ հատկապես կրծոսկրի շրջանի սուր ցավից ու ինքնազգացողության վատացումից: Արձանագրվել է հիվանդի ճնշման սրընթաց անկում եւ սրտի կանգ՝ մոտավորապես տասը րոպեի ընթացքում: Վերակենդանացման բոլոր միջոցառումները, որ կատարվել են կնոջ վատ զգալու առաջին իսկ րոպեներից, ապարդյուն են անցել: Կնոջ մոտ սրտի սուր կաթված է ախտորոշվել, ինչը հաստատվեց դատաբժշկական փորձաքննության նախնական տվյալներով»,- ասաց տնօրենը:
Լարիսա Մադոյանի խոսքով՝ ծննդատան ամբողջ անձնակազմը խորը ցավակցություն է հայտնում մահացածի հարազատներին եւ մտերիմներին կնոջ անժամանակ մահվան կապակցությամբ: