Ի՞նչ կլինի Հայաստանի հետ. Սարսափելին դեռ առջևում է
ՎԻԴԵՈBlogNews կայքի գլխավոր խմբագիր Կոնստանտին Տեր Նակալյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Հեղափոխական գժուկներ ջան։ Ահա իմ կանխատեսումը զարգացման հնարավոր սցենարների մասով, որ հասկանաք, թե ձեր՝ իրոք անկեղծ ու արդարացի մղումներով ինչ զուլումի բերեցիք բոլորիս․
1․ Շարժման հաղթանակ
Այսօր, կամ առաջիկա օրերին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս ու հեռանում է քաղաքականությունից։ Բայց դե պարզ է, որ ամբողջ պետական ապպարատը իր հետ չի հեռանալու։ Պարզ է նաև, որ ո՛չ Ելքը, ո՛չ պայքարող հիփսթերները չունեն բավարար մարդկային ռեսուրս, որպեսզի փոխարինեն ամբողջ նոմենկլատուրան․ գյուղապետերը մնալու են նույնը, վարչության պետերը մնալու են նույնը, նախարարության աշխատակազմը մնալու է նույնը, ոստիկանները մնալու են նույնը, բանակը մնալու է նույնը։ Ի դեպ, նույնն են մնալու նաև օլիգարխները։
Գիտե՞ք ինչ է լինելու «արդար» հեղաշրջուից հետո։ Իշխանությունը կանցնի ոչ թե դպրոցական ու ուսանող ջահելին, այլ նրան, ով կկարողանա վերցնել այդ իշխանությունը ու պահել այն։ Դա կլինի տեղային մակարդակով։ Այսինքն՝ օլիգարխները կդառնան ավելի օլիգարխ ու հանկարծ չկասկածեք էլ, որ այդպես չի լինելու։ Գումարած դրան, իրանց գլխին էլ չի լինելու մեկը, ով կարողանալու է զսպել, սահմանափակել, իսկ հարկ եղած դեպքում` պատժել նրանց։ Երբ դուք սկսեք հասկանալ սա, կանցնի մի քանի ամիս։ Այդ նույն ժամանակամիջոցում ձեզ արդեն թողած կլինի հեղափոխական էյֆորիան ու դուք կսկսեք գիտակցել, որ վիճակը շտո-տը չի լավանում, այլ մի բան էլ վատանում է։ Դուք իհարկե կսփոփեք ձեզ այն պատրանքով, որ ոչինչ, լավ չլինի, սրանց էլ կցրենք ու էդ կլինի ձեր մեծագույն սխալը, որովհետև առաջին իսկ փորձը նոր ցույց հավաքելու կցրվի՝ ցուցարարներին անողոք շանսատակ անելով։ Ընդ որում, մեծ հավանականությամբ կցրվի անգամ ոչ ոստիկանական ուժերով, այլ երեկվա Էրեբունու մալոդչիկների կողմից։ Մոտավորապես այնպես, ինչպես դա եղավ Մայդանի հպարտ ու արժանապատիվ քաղաքացիների հետ։
2․ Արտակարգ դրություն
Կհայտարարվի արտակարգ դրություն ու կգործարկվեն ռեպրեսսիվ մեխանիզմներ ինչպես կազմակերպիչների, այնպես էլ շարքային ակտիվի նկատմամբ։ Գիտեմ, շատերը վստահ են, որ դա անհնար է ու հիմա միլիոն հոգի է փողոցներում, բայց հավատացած եղեք, դա միանգամայն հնարավոր է ու կատարման տեխնոլոգիայի տեսանկյունից դժվարություն չի ներկայացնում։ Ամենայն հավանակնությամբ կլինեն վիրավորներ, գուցե՝ զոհեր ու շատ-շատ դատվողներ։
Սա կկոտրի մարդկանց ու կհիասթափեցնի, նոր թափ կտա արտագաղթին ու մեզ առնվազն 10 տարի հետ կգցի։ Հայաստանի քաղաքական ղեկավարության ու վերնախավի համար սև օրեր կսկսվեն Արևմուտքի հետ հարաբերություններում, ամենայն հավանականությամբ մեր ու անձամբ իրենց նկատմամբ կսկսեն կիրառվել պատժամիջոցներ ու շեշտակի կավելանա Ռուսաստանի ազդեցությունը մեր ներքին քաղաքականության վրա։
3․ «Կոմպրոմիսս», կամ երրորդ ուղի
Սա, թերևս ամենաքիչ հավանական, բայց չարյաց փոքրագույն տարբերակն է։ ՏԵսականորեն իշխանությունները պայմանավորվածություն են ձեռք բերում շարժման ղեկավարության հետ՝ ընդհուպ մինչև Սերժ Սարգսյանի հրաժարական ենթադրող (ոչ միանգամից), ընդդիմությանը 30 տոկոս մանդատ տալով, անցումային կառավարությունով, անվտանգության երաշխինքերով և այլն։
Բարդ է կոնկրետ բան ասել, որովհետև բացարձակ տեղյակ չեմ, թե ինչ առաջարկներ են պատրաստում դնել բանակցությունների սեղանին։ Ցանկացած պարագայում, սա շատ քիչ հավանական է, որովհետև Նիկոլենց սահմանած նշձողը աբսոլյուտի է ու ցանկացած նահանջ կարող է ընկալվել որպես նրա Րաֆֆիացում։ Կարող է լինել իրավիճակ, որ ինչ-որ բան պայմանավորվեն, բայց մարդիկ չընդունեն դա ու հրաժարվեն ցրվել տներով, որովհետև օխլոսը (այո, հե՛նց օխլոսը ու ոչ մի դեպքում դեմոսը) արդեն զգացել է էյֆորիայի ու անպատժելիության համը ու շատ դժվար կմարսի կոպրոմիսսի ցանկացած տարբերակ։ Սա էլ նշանակում է, որ 3-րդ տարբերակը կարող է հանգիստ տրանսֆորմացվել վերոնշյալ 1-ին, կամ էլ՝ 2-րդ տարբերակի։
Հ․Գ․ Այս ամեն ինչում ես անգամ չեմ քննարկում պատերազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը, որպեսզի հեղափոխական գժուկների մոտ լրիվ դիսսոնանս չառաջանա, բայց նման զարգացման հնարավորություն ոչ միայն կա, այլ շատ մեծ է։
Հ․Գ․Գ․ Կրկնում եմ, սա իմ կանխատեսումն է, որի հետ կարող եք համաձայն չլինել, բայց դրա իրականացման կամ չիրականացման համար խոսելու համար պետք է ընդամենը մի քանի ամիս։
Առավել մանրամասն՝ այստեղ