«Սասնա ծռերի» անդամ Աշոտ Պետրոսյանը հացադուլ է սկսել եւ հրաժարվել բուժօգնությունից. փաստաբան
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ«Դատապարտյալների հիվանդանոցում» գտնվող «Սասնա ծռերի» անդամ Աշոտ Պետրոսյանն այսօր՝ օգոստոսի 4-ին, հացադուլ է սկսել եւ հրաժարվել բուժօգնությունից: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ նրա պաշտպան Արայիկ Պապիկյանից: Աշոտ Պետրոսյանը ցանկանում է հանդիպում կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանի ու Ռոբերտ Ամիրխանյանի հետ: Թե որն է հանդիպման նպատակը, փաստաբանն այս պահին չցանկացավ մանրամասնել:
«Ես նրան հորդորեցի, որ իր առողջական վիճակը հաշվի առնելով նման քայլի չգնա, սակայն, ասաց, որ շնորհակալ է, որ անհանգստանում եմ իր վիճակով, բայց արդեն որոշել է»,-ասաց Արայիկ Պապիկյանը:
Նշենք, որ Աշոտ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ, այլ հաղորդակցության ուղիներ զավթելը կամ դրանք պահելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից) եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից): Նա կալանավորված է: