«Մի խոշտանգիր կնոջը, ոստիկան». ստորագրահավաք եւ երթ՝ ի զորակցություն Ռուզաննա Եղնուկյանի
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻ զորակցություն երեկ Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով տուժած Ռուզաննա Եղնուկյանի եւ ընդհանրապես Հայաստանում տեղի ունեցող ոստիկանական բռնությունների՝ «Հայ կանանց ճակատը» ստորագրահավաք է սկսում՝ «Մի խոշտանգիր կնոջը, ոստիկան» խորագրով:
Ստորագրահավաքը տեղի կունենա մարտի 26-ից մինչեւ ապրիլի 7-ը: «Հայ կանանց» ճակատից» տեղեկացնում են, որ ստորագրահավաքի նպատակով բացված մատյանում ստորագրել հնարավոր է ամեն օր ժամը 16.00-ից մինչեւ երեկոյան ժամը 18.00-ը՝ Ազատության հրապարակում:
Ապրիլի 7-ին տեղի կունենա երթ՝ ի պաշտպանություն ՀՀ քաղաքացու իրավունքների եւ ընդդեմ ոստիկանական բռնությունների ՀՀ քաղաքացու նկատմամբ:
Հիշեցնենք, որ երեկ Մաշտոցի պողոտայում միջադեպ տեղի ունեցավ քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի ազատության պահանջով բողոքի ակցիա անցկացնող «Նոր Հայաստանի» ակտիվիստների եւ ոստիկանների միջեւ: Շարժման անդամ Կարո Եղնուկյանի կինը՝ Ռուզաննան վնասվածք ստացավ եւ տեղափոխվեց Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, իսկ 14 ակտիվիստներ բերման ենթարկվեցին: Ավելի ուշ նրանք ազատ արձակվեցին, իսկ Ռուզաննան դուրս գրվեց հիվանդանոցից: Ի դեպ, ականատեսները պնդում էին, որ կնոջը վիրավորել է ոստիկաններից մեկը՝ ոտքով հարվածելով նրա գլխին, իսկ ոստիկանները հերքում էին դա: