Ոստիկանությունը լուսադեմին ցրել է Խորենացի փողոցի ցույցը
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԱյսօր, վաղ առավոտյան ժամը 04։00-ի սահմաններում, ոստիկանությունն ուժի կիրառմամբ ցրել է Խորենացի փողոցի ցույցը՝ բերման ենթարկելով ցուցարարներին։
Մինչ այդ օպերացիան՝ ոստիկանությունը հայտարարեց, որ հավաքն անօրինական է՝ զգուշացնելով լքել տարածքը։ Ցուցարարները, սակայն, չհեռացան։ Կոչը հնչեց երկրորդ անգամ, այս անգամ 15 րոպե ժամանակ տրվեց տարածքն ազատելու համար։ Ակցիայի մասնակիցներն անդրդվելի մնացին, ինչին հետեւեց ոստիկանական օպերացիան։ Ոստիկանները սկսեցին բերման ենթարկել բոլորին՝ ում պատահի, մինչեւ տարածքում մարդ չմնաց։
Բերման ենթարկվածների թվում էին Քաղաքացիական պայմանագրի մոտ մեկ տասնյակ անդամներ՝ այդ թվում վարչության նախագահը։ Վերջինս առավոտյան համացանցում գրել է․ «Ժողովուրդ ջան, արդեն կուսակցության գրասենյակում եմ՝ ՊՊԾ գնդի մոտից բերման ենթարկվելուց հետո։ Մի քիչ վնասվածքներ կան, բայց էդ հեչ, դուխներդ տեղը: Հոդվածս՝ 316-ի առաջին մաս»։