Սարսափելի վթար հեծանվային ԵԱ-ում. հայ մարզիկը տուժածների թվում է (տեսանյութ, լուսանկարներ)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԻտալիայի Մոնտեկիարի քաղաքի հեծանվահրապարակում ընթանում է հեծանվային մարզաձեւերի Եվրոպայի երիտասարդների եւ մինչեւ 23 տարեկանների առաջնությունը, որին մասնակցում են 3 հայ հեծանվորդներ:
Մրցաշարի առաջին օրը երիտասարդների «Սկրետչ» մրցաձեւում մեր հեծանվորդներից Պավել Ստեփանյանը երկար ժամանակ եղել է առաջատարների վեցնյակում, սակայն եզրագծից մի քանի շրջան առաջ առաջատարներին է բախվել 1 շրջանով ետ մնացած թուրք հեծանվորդը, ինչի հետեւանքով տեղի է ունեցել մեծ վթար. Բելառուսի մասնակիցը անգամ դուրս է թռչել հեծանվահրապարակից:
Մրցումները դադարեցվել են, իսկ վնասվածքներ ստացած 8 հեծանվորդներ՝ այդ թվում Պավել Ստեփանյանը, անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց: Հետազոտության արդյունքում Ստեփանյանի մարմնի տարբեր հատվածներում սալջարդներ են նկատվել, մյուս մասնակիցները ստացել են կոտրվածքներ: Պավելը կարողացել է պատվով դուրս գալ իրավիճակից: Նա շարունակել է մրցումները եւ 25 կմ անհատական միավորներով մրցավազքում զբաղեցրել է 5-րդ տեղը:
«Բոլորը՝ մասնակիցները, կազմակերպիչները, հանդիսականները զարմացած էին, թե ինչպես նման վնասվածքներով Պավելը կարողացավ շարունակել մրցումները եւ անգամ զբաղեցնել 5-րդ տեղը: Բոլորը կանգնած ծափահարում էին մեր մարզիկին» - ասել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը:
Եվրոպայի երիտասարդների անցյալ տարվա չեմպիոն Էդգար Ստեփանյանը 1-ին անգամ մասնակցում է մինչեւ 23 տարեկանների մրցաշարին: 40 կմ միավորներով անհատական մրցավազքում 19-ամյա Էդգար Ստեփանյանը կարողացել է զբաղեցնել 10-րդ հորիզոնականը, ինչը աննախադեպ արդյունք է Հայաստանի համար: