Ապօրինի գործող ձկնաբուծարանը կնիքվել է, վնասը՝ մասամբ վերականգնվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀամայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում, չունենալով ջրօգտագործման թույլտվություն, զբաղվում է ձկնաբուծությամբ։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։
Տեղեկությունը ստուգելու նպատակով համայնքային ոստիկանները, Բնության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների հետ նոյեմբերի 20-ին այցելեցին Մարմարաշեն։ Պարզվեց, որ ընկերության տնօրենը, չունենալով թույլտվություն, ձկնաբուծարանի համար դրենաժային համակարգով ընդերքից դուրս է մղում վայրկյանում 10-15 լիտր ջուր, ինչի պատճառով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս։ Պարզվել է նաև, որ հողը գյուղատնտեսական նշանակության է։
Ընկերության տնօրենն ու աշխատակիցը ձերբակալվել են, ապօրինի ձկնաբուծարանը՝ կնիքվել։
Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Վնասը մասամբ վերականգնվել է։ Նախաքննությունը շարունակվում է։