Օտարերկրացիները 9 ամսում գնել են 1,930 անշարժ գույք, հայաստանցիների համար տուն գնելը դառնում է անհասանելի. տնտեսագետը գնանկում է կանխատեսում
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀայաստանում անշարժ գույքի շուկան շարունակում է ակտիվ մնալ, իսկ բնակարանների և վարձակալության գների աճը գնալով ավելի մեծ խնդիր է դառնում տեղաբնակների համար։ 2026 թվականի առաջին ինն ամիսներին օտարերկրյա քաղաքացիները Հայաստանում գնել են 1,930 միավոր անշարժ գույք, վաճառել՝ 2,058-ը։ Գնված գույքի գերակշիռ մասը բնակելի նշանակության է եղել․ օտարերկրացիները ձեռք են բերել 1,151 բնակարան և 211 բնակելի տուն՝ ընդհանուր 1,362 միավոր։ Այսինքն՝ նրանց գնած անշարժ գույքի շուրջ 70.6 տոկոսը բնակարաններ և բնակելի տներ են։ Վիճակագրությանը Tert.am-ը ծանոթացել է ՀՀ Կադաստրի կոմիտեի անշարժ գույքի շուկայի ուսումնասիրությունից:
Կադաստրի կոմիտեի տվյալներով՝ օտարերկրյա քաղաքացիների գնման ակտիվությունն աճել է տարվա ընթացքում։ Եթե առաջին եռամսյակում նրանք գնել էին 525 միավոր անշարժ գույք, երկրորդում՝ 595, ապա երրորդ եռամսյակում՝ արդեն 810։
Վաճառքի ցուցանիշներով ևս ակտիվություն է արձանագրվել։ Ինն ամսում օտարերկրյա քաղաքացիները վաճառել են 792 բնակարան և 362 բնակելի տուն՝ ընդհանուր 1154 միավոր բնակելի անշարժ գույք
Գործարքների աշխարհագրությամբ առաջատարը Երևանն է։ Ինն ամսում օտարերկրացիները մայրաքաղաքում գնել են 1,323 և վաճառել 668 միավոր անշարժ գույք։ Այսինքն՝ նրանց կատարած բոլոր գնումների շուրջ 68.5 տոկոսը բաժին է ընկել Երևանին։
Ըստ քաղաքացիության՝ ամենաակտիվը Ռուսաստանի քաղաքացիներն են։ Նրանք ինն ամսում կատարել են 1,254 գնման և 1,505 վաճառքի գործարք։ Երկրորդ տեղում ԱՄՆ քաղաքացիներն են՝ 222 գնման և 196 վաճառքի գործարքով։
Օտարերկրյա քաղաքացիների ակտիվության աճի ֆոնին հարց է առաջանում՝ նրանցից քանի՞սն են ազգությամբ հայեր։ Կադաստրի կոմիտեից Tert.am-ին հայտնում են, որ ազգության վերաբերյալ նման մանրամասն տվյալների չեն տիրապետում, քանի որ դա կոմիտեի գործառույթների մեջ չի մտնում։
Արդյո՞ք օտարերկրյա գնորդների ակտիվությունը, բնակարանների գների և բնակչության եկամուտների միջև անհամաչափությունը, վարձակալության թանկացումը կարող է հանգեցնել նրան, որ Հայաստանի քաղաքացիներն այլևս չկարողանան բնակարան ձեռք բերել սեփական երկրում:
Տնտեսագետ, «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանի գնահատմամբ՝ դա արդեն տնտեսական և սոցիալական լուրջ խնդիր է։
«Միջին աշխատավարձը, եթե ուսումնասիրում ենք, որքան արագ է բարձրանում, ապա գնաճի հետևից նույնիսկ սովորական առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճին չի հասցնում աշխատավարձի բարձրացումը։ Այս ֆոնի պարագայում արդեն ունենք տեղաբնակների բնակարանային ապահովման խնդիր, որ ուղղակի չեն կարողանում բնակարան ձեռք բերել»,- Tert.am-ի հետ զրույցում նկատում է Սարգսյանը։
Նրա խոսքով՝ անշարժ գույքի գների աճի հիմնական պատճառներից մեկը ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված քաղաքացիների պահանջարկն է։ Սակայն սա միակ գործոնը չէ։ Տնտեսագետը թվարկում է նաև Արցախից բռնի տեղահանվածների բնակարանային կարիքները, եկամտային հարկի վերադարձի ծրագրի աստիճանական դադարեցումը և երիտասարդների՝ ծնողներից առանձին բնակվելու միտումը։
«Այս չորս հիմնական գործոններն են, որ պահանջարկ են առաջացրել։ Բայց զուգահեռ առաջանում է նաև ձեռքբերման խոչընդոտը՝ դրամական միջոցների անբավարարությունը։ Եթե թանկանում է, մեր արցախցի հայրենակիցները կդժվարանան ձեռք բերել բնակարան, սա փաստ է։ Երիտասարդներն էլ աշխատավարձերի և եկամուտների սահմանափակության պատճառով չեն կարողանալու ձեռք բերել»,- նշում է տնտեսագետը։
Սարգսյանի խոսքով՝ բնակարանային խնդիրը չի սահմանափակվում միայն անշարժ գույքի գնմամբ։ Նրա գնահատմամբ՝ վարձակալության գները ևս նախորդ տարվա համեմատ որոշ հատվածներում առնվազն 50 տոկոսով աճել են։ Արդյունքում դժվարությունների են բախվում նաև առևտրային տարածքներ վարձակալող բիզնեսները։
«Մարդիկ այսպիսի ձևակերպում են անում՝ մենք վարձատուների մոտ վարձու աշխատող ենք, ոչ թե վարձակալ։ Արդեն մտածում են տարբեր բիզնեսներ ամբողջությամբ օնլայն հարթակ տեղափոխելու, խանութների, առևտրային և հանրային օբյեկտների փակման մասին։ Մի կողմից ունենք բնակարան ձեռք բերելու անհնարինություն, մյուս կողմից՝ վարձակալության անհնարինություն»,- ասում է նա։
Տնտեսագետի կարծիքով՝ պահանջարկի աճին զուգահեռ բնակելի և առևտրային տարածքների առաջարկը բավարար չէ, ինչի հետևանքով նույնիսկ պահանջարկի փոքր փոփոխությունը կարող է զգալիորեն ազդել գների վրա։
Անդրադառնալով անշարժ գույքի շուկայում հնարավոր փուչիկի ձևավորմանը՝ Սարգսյանը պահանջարկի անկում է կանխատեսում։ Նրա գնահատմամբ՝ գնանկում կարող է լինել հատկապես ռուս-ուկրաինական պատերազմի ավարտից և Հայաստան տեղափոխված քաղաքացիների պահանջարկի նվազումից հետո։
«Պահանջարկի կտրուկ անկում հաստատ սպասվում է։ Չի կարող ուղղակի չլինել։ Եթե չորս գործոններն են հիմնական պահանջարկի պատճառը, զուգահեռ առաջանում են նրանց ձեռքբերման խոչընդոտներ։ Գնանկում կկանխատեսվի, երբ ռուս-ուկրաինական պատերազմն ավարտվի և ձեռքբերումների քանակը նվազի։ Միայն այդ դեպքում եմ գնանկում կանխատեսում»,- նշում է նա։
Օտարերկրացիների կողմից վաճառքի գործարքների՝ գնումները գերազանցելու հանգամանքը, ըստ տնտեսագետի, ինքնին չի նշանակում, որ նրանք զանգվածաբար հեռանում են Հայաստանից։ Անդրադառնալով ԱՄՆ քաղաքացիների ակտիվությանը՝ Սարգսյանը վաճառքների մի մասը կապում է ԱՄՆ-ում բնակվող հայերի՝ երկարաժամկետ հեռանկարում Հայաստան վերադառնալու մտադրությունների հետ։
«Ամերիկայում էլ է դժվարացել իրավիճակը, փող աշխատելու հնարավորություններն ավելի բարդացել են, սննդի, վառելիքի և անշարժ գույքի գները նույնպես աճում են։ Սա մեր հայրենակիցներին արդեն վերադարձի մասին մտածելու առիթ է տալիս։ Նրանց առաջնային խնդիրը դարձել է գումար հավաքել, Հայաստանում բնակարան վերցնել, որպեսզի հետագայում կարողանան վերադառնալ»,- ասում է նա։
Միաժամանակ Սարգսյանը կասկածի տակ է դնում Հայաստանում բնակարան ձեռք բերելու և այն վարձակալությամբ հանձնելու միջոցով հիփոթեքային վարկը սպասարկելու շահավետությունը։
Մեր այն հարցին, թե բնակարան գնելը նաև որպես ներդրում է դիտարկվում, երբ հանձնվում է վարձակալության, որի գումարը պետք է փակի վարկային պարտավորությունները, Սարգսյանը պատասխանեց. «Բնակարանային վարձակալությունը այս պահի դրությամբ չի կարող փակել հիփոթեքային վարկի սպասարկումը, եթե չկա եկամտային հարկի վերադարձ։ Եթե նույնիսկ ինչ-որ մի հրաշքով հնարավոր է վարձակալությունը փակի հիփոթեքային վարկը, դա հաճախ տեղի է ունեցել տարիներ առաջ ձեռք բերված բնակարանի դեպքում։ Այսօրվա վարձակալության գները չեն նշանակում, որ այսօր գնված բնակարանը նույն եկամուտը կապահովի»։
Մեր այն հարցին, թե ստեղծված իրավիճակում ոչ միայն տեսանելի չի պետության կարգավորող քաղաքալանությունը, այլև իշխանությունն իրվիճակը բացատրում է տնտեսական ակտիվության և կյանքի որոակի բարելավման հանգամանքով, տնտեսագետը պատասխանեց. «Դե, Փաշինյանի ասածները չի կարելի մեկնաբանել, որովհետև սրանք շատ անլուրջ են, նա չի խոսում հետազոտություններով, այլ ուղղակի պահի ազդեցության տակ ինչ-որ բան է խոսում։ Պետությունը պետք է կանխատեսի երևույթները, ամենօրյա ռեժիմով գնահատի իրավիճակը և եթե ռիսկ է տեսնում, փորձի չեզոքացնել կամ նվազեցնել այն։ Պետք է խթանի բնակելի և առևտրային տարածքների ավելացումը, որպեսզի առաջարկը բավարարի պահանջարկը, և դրա հաշվին հնարավոր լինի զսպել գնաճը։ Պետության ուղիղ գործառույթն է կանխատեսել նման իրավիճակներն ու արձագանքել դրանց»,- ընդգծում է Նաիրի Սարգսյանը: