Ռուսաստանում օտարերկրացիների համար նոր խիստ կանոններ են ուժի մեջ մտել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ2027 թվականի հունվարի 1-ից կփոխվի աշխատանքային արտոնագրի հիման վրա աշխատանքային գործունեություն իրականացնելու մասին միգրանտների կողմից Ռուսաստանի ներքին գործերի նախարարությանը ծանուցելու կարգը, հայտնել են Ռուսաստանի ՆԳՆ միգրացիոն ծառայությունից։
«2027 թվականի հունվարի 1-ից կփոխվի օտարերկրյա քաղաքացիների կողմից աշխատանքային արտոնագրի հիման վրա աշխատանքային գործունեություն իրականացնելու մասին Ռուսաստանի ՆԳՆ տարածքային մարմիններին ծանուցելու կարգը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունում նշել են, որ նոր պահանջների համաձայն՝ նման ծանուցումների ներկայացման կարգը կախված կլինի գործատուի կարգավիճակից։
Եթե օտարերկրացին աշխատում է ֆիզիկական անձի մոտ, ապա նա պարտավոր է ինքնուրույն ծանուցում ներկայացնել Ռուսաստանի ՆԳՆ տարածքային մարմին՝ աշխատանքային արտոնագիր ստանալու օրվանից երկու ամսվա ընթացքում։ Իսկ եթե օտարերկրյա քաղաքացին աշխատում է իրավաբանական անձի մոտ, ապա աշխատանքային պայմանագրի կնքման և լուծման մասին ծանուցումները գործատուն պետք է ներկայացնի Ռուսաստանի ՆԳՆ տարածքային մարմին՝ եռօրյա ժամկետում։
«Հարկ է նշել, որ օտարերկրացուն աշխատանքից ազատելու մասին Ռուսաստանի ՆԳՆ-ին ժամանակին չծանուցելու համար սահմանված է վարչական պատասխանատվություն՝ մինչև 800 հազար ռուբլու չափով վարչական տուգանքի կամ մինչև 90 օր ժամկետով գործունեության վարչական կասեցման տեսքով», – հավելել են գերատեսչությունում։
Իրավապահները նշել են, որ գործատուի համար օտարերկրացու աշխատանքային գործունեության մասին ծանուցում ներկայացնելու ամենահարմար եղանակը «Պետական ծառայություններ» պորտալի միջոցով է։