Ծանոթ ու միարժամանակ անհայտ … «Միզող տղան» արձան
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ«Միզող տղան» արձանը (Manneken Pis) Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելի ամենահայտնի և սիրված տեսարժան վայրերից մեկն է: Չնայած իր համեստ չափսերին, այդ փոքրիկ բրոնզե արձանը, որը պատկերում է շատրվանի մեջ միզող տղա երեխայի, պարծենում է իր հարուստ պատմությամբ և բազմաթիվ լեգենդներով, որոնք գրավում են աշխարհի տարբեր ծայրերից հազարավոր զբոսաշրջիկների:
Արձանի ստեղծման ճշգրիտ ամսաթիվը և միզող տղայի ինքնությունը քննարկման առարկա են: Այնուամենայնիվ, ըստ ամենատարածված տեսությունը արձանի ծագումը թվագրում է 14-րդ դարով: «Միզող տղայի» մասին առաջին հիշատակը 1388 թվականի գրառումներում է, որտեղ հիշատակվում է մի արձան, որը զարդարում է Rue de l'Etuve և Rue du Chêne փողոցների անկյունը: Ենթադրվում է, որ այն ծառայել է որպես խմելու ջրի աղբյուր:
Ներկայիս ժամանակակից արձանը ստեղծվել է քանդակագործ Ժերոմ Դյուկենոյի կողմից 1619 թվականին: Բնօրինակը, հավանաբար, ոչնչացվել կամ գողացվել է, և ներկայիս տարբերակն է փոխարինել նրան: Արձանը հաճախակի է եղել վանդալիզմի և գողության թիրախ: Այն գողացվել է, օրինակ, 1747, 1811 և 1965 թվականներին: Յուրաքանչյուր գողությունից հետո այն վերականգնվել է և վերադարձվել իր տեղը՝ անհրաժեշտության դեպքում ենթարկվելով վերականգնման: Այսօր դրա բնօրինակը պահվում է Բրյուսելի քաղաքային թանգարանում, իսկ փողոցում տեղադրված է ճշգրիտ կրկնօրինակը։
Կան բազմաթիվ լեգենդներ և պատմություններ, որոնք բացատրում են «Միզող տղայի» ծագումը, և դրանցից յուրաքանչյուրը արձանին հաղորդում է հատուկ կախարդանք և հմայք։
Քաղաքը փրկած երեխայի լեգենդը ամենատարածվածն է: Այդ լեգենդը պատմում է Բրյուսելի պաշարման ժամանակի մասին, երբ թշնամու զորքերը պլանավորում էին այրել քաղաքը: Նրանք քաղաքի պատերին դրել են պայթուցիկներ քուղերով, բայց մի փոքրիկ տղա, որի անունը սովորաբար չի նշվում, պատահաբար հայտնաբերել է դրանք և արագ մտածելով մարել է վառվող քուղը իր մեզով՝ կանխելով քաղաքի ավերումը: Եվ որպես երախտագիտության նշան Բրյուսելի բնակիչները նրա պատվին հուշարձան են կանգնեցրել։
Հայտնի է նաև ասպետի և նրա որդու լեգենդը: Մեկ այլ պատմություն պատմում է ազդեցիկ ասպետի մասին, ով մարտնչում էր, և որի որդին անհետ կորել էր։ Ասպետը ամբողջ քաղաքում փնտրել է որդուն և վերջիվերջո գտել նրան փողոցում՝ շատրվանի մեջ միզելիս։ Որդուն գտնելն ու վերադարձնելը նշելու համար էլ նա պատվիրել է արձան կառուցել։
Կա նաև տոնավաճառում կորած տղայի լեգենդը: Այս տարբերակի համաձայն մի փոքրիկ տղա կորել է քաղաքային տոնավաճառում։ Նրա խորապես անհանգստացած ծնողները նրան ամենուրեք փնտրել են։ Երբ նրանք վերջապես գտել են նրան ապա տեսել են, որ նա ուրախ խաղում է շատրվանի մեջ իր «գործը» անելով։ Թեթևացումից և ուրախությունից դրդված ծնողները պատվիրել են այդ արձանը։
Միզող տղան ունի տպավորիչ զգեստապահարան՝ աշխարհի տարբեր ծայրերից հավաքված ավելի քան 1000 զգեստներից։ Այդ զգեստները պահվում են Բրյուսելի քաղաքային թանգարանում։ Բանն այն է, որ այդ արձանին պարբերաբար հագցնում են տարբեր զգեստներ, հաճախ տոների, նշանակալի իրադարձությունների կամ բարձրաստիճան անձանց այցելությունների կապակցությամբ։ Հատուկ առիթների ժամանկ «Միզող տղայի» շատրվանից կարող է հոսել ջրից բացի այլ բան, օրինակ գարեջուր կամ գինի։
Չնայած իր կատակերգական բնույթին «Միզող տղան» դարձել է Բրյուսելի, և անգամ Բելգիայի ոչ պաշտոնական խորհրդանիշը։ Այն ավելին է, քան պարզապես արձան. այն խորհրդանիշ է, որը մարմնավորում է Բրյուսելի պատմությունը, լեգենդները, հումորը և եզակի ոգին։ Դրա համեստ չափերը և ակնհայտ պարզությունը թաքցնում են դրա հարուստ մշակութային նշանակությունը և քաղաքի բնակիչների խորը սերը դրա նկատմամբ։
Կ.Խաչիկյան