Պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչ կհայտարարվի․ մանրամասներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման է ներկայացվել «Պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության 2026 թվականի զորակոչ հայտարարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջների համաձայն պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի զորակոչ անցկացնելու անհրաժեշտությամբ։
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա են բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցած ու պահեստազորի սպայական կազմ որակավորված արական սեռի քաղաքացիները` մինչև 35 տարին լրանալը (այսուհետ` պահեստազորի սպայական կազմ), իսկ նոյն հոդվածի 5-րդ մասի պահանջների համաձայն՝ պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչը հայտարարվում է ՀՀ կառավարության որոշմամբ՝ տարվա ընթացքում ոչ պակաս, քան մեկ անգամ։
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թ. նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի ընդունմամբ դադարեցվել է նախկին «Զինապարտության մասին» օրենքի 14-րդ հոդվածով ուսման կապակցությամբ տարկետում տալու համակարգը։ Այն նախատեսում էր յուրաքանչյուր տարվա համար ՀՀ կառավարության որոշմամբ բարձրագույն ուսումնական հաստատություններին տարկետման իրավունքով տեղերի հատկացումը:
2018/2019 ուսումնական տարվանից սկսած Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարանում ուսումնառության համար տարկետում է տրվում միայն «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում, որի ավարտից հետո քաղաքացին զորակոչվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության, այնուհետև 3 ամիս հետո ներգրավվում պայմանագրային զինվորական ծառայության (ՀՀ կառավարության 12.04.2018թ. N 430-Ն որոշում):
Նախկինում ԵՊԲՀ ընդունված և ավարտած քաղաքացիներին մինչև 2023 թվականը պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչելով աստիճանաբար նվազեց նման կարգավիճակ ունեցող քաղաքացիների քանակը, որի արդյունքում 2023 և 2024 թվականներին զորակոչի ենթակա անձանց բացակայության պատճառով պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչեր չեն հայտարարվել: Ներկայումս առկա է նման կարգավիճակ ունեցող մեկ քաղաքացի (մինչև 35 տարեկան), որը նախկինում խուսափել է զորակոչից և դիմել է զորակոչվելու համար:
Որոշման նախագծով սահմանվում է պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության 2026 թվականի զորակոչի կազմակերպման ու անցկացման գործընթացը, զորակոչի ենթակա անձանց թվաքանակը և զորակոչ անցկացման ժամկետները:
Որոշմամբ սահմանվում է՝
Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին, 1.2-րդ և 5-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայտարարել 2027 թվականի հունվարի 11-ից մինչև 2026 թվականի փետրվարի 12-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի սպայական կազմում հաշվառված՝ մինչև 35 տարեկան արական սեռի բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության զորակոչ (այսուհետ՝ պահեստազորի սպայական կազմի զորակոչ)՝ ծառայության ժամկետը սահմանելով երկու տարի։
Հայտարարված զորակոչի շրջանակներում սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչել նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին»օրենքի 19-րդ հոդվածի 1.2-րդ մասի համաձայն սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու ցանկություն հայտնած արական սեռի բժիշկ-մասնագետներին։
Սաhմանել պահեստազորի սպայական կազմի ենթակա անձանց թվաքանակը՝ մինչև 10 բժիշկ-մասնագետ։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն յոթնօրյա ժամկետում ընդունել պահեստազորի սպայական կազմի բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության 2026 թվականի զորակոչի անցկացման մասին հրաման.
2) ապահովել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 25-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն յոթնօրյա ժամկետում պահեստազորի սպայական կազմի զորակոչի մանդատային հանձնաժողովի ստեղծումը:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։