Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման հիմնադրամ կստեղծվի. նախագիծ. «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման հիմնադրամ ստեղծելու, կանոնադրությունը հաստատելու մասին» նախագիծը։ Դրա ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՓՄՁ աջակցության պետական քաղաքականությունից բխող ծրագրերի իրականացման համար մասնագիտացված կառույցի ձևավորման, ծրագրերի շարունակականության և զարգացման գործընկերների հետ համակարգված աշխատանքի ապահովման անհրաժեշտությամբ։
Հայաստանի ՓՄՁ մրցունակության 2027– 2031 թվականների ռազմավարական ծրագրի նախագիծը, դրա գործողությունների ծրագիրը և հիմնավորումը էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է շահագրգիռ պետական մարմինների քննարկմանը և գտնվում են քննարկման փուլում։ Հիմնավորման մեջ ռազմավարական ծրագրի նախագծին կատարված հղումները վերաբերում են քննարկման ներկայացված տարբերակին, և դրանում հետագա փոփոխությունների դեպքում հիմնադրամի ծրագրերը կհամապատասխանեցվեն վերջնական տարբերակին՝ հիմնադրամի տարեկան ծրագրի միջոցով։
ՓՄՁ աջակցության ինստիտուցիոնալ համակարգի բացերը՝ որպես ոլորտի զարգացման խոչընդոտ, արձանագրված են ինչպես ռազմավարական ծրագրի նախագծում, այնպես էլ միջազգային կազմակերպությունների զեկույցներում և գնահատականներում։ Մասնավորապես, ընդգծվում է քաղաքականության մշակման և ծրագրերի իրականացման գործառույթների հստակ տարանջատման ու մասնագիտացված իրականացնող կառույցի անհրաժեշտությունը։ Նախկին մասնագիտացված կառույցի գործառույթների փոփոխությունից հետո ծրագրերի համակարգման և իրականացման աշխատանքների զգալի մասը փաստացի ստանձնել է էկոնոմիկայի նախարարությունը՝ քաղաքականության մշակման և վերահսկողության իր գործառույթներին զուգահեռ։
Այդ բացը լրացնելու նպատակով ռազմավարական ծրագրի նախագծի 147-րդ կետով և գործողությունների ծրագրի 4.1.1 միջոցառմամբ նախատեսվում է ստեղծել հիմնադրամի կազմակերպաիրավական ձևով գործող մասնագիտացված կառույց՝ նրան վերապահելով իրականացնող միավորի գործառույթները։ Հիմնադրամը նախատեսվում է ներգրավել աջակցության ծրագրերի վարչարարության, շահառուների հետ աշխատանքի, գործընկերների համակարգման և արդյունքների մշտադիտարկման համար անհրաժեշտ տվյալների հավաքման գործընթացներում՝ պահպանելով նախարարության՝ քաղաքականության մշակման, ընդհանուր համակարգման և վերահսկողության լիազորությունները։
Գործողությունների ծրագրի նախագծի 36 միջոցառումներից 25-ի իրականացումը նախատեսվում է նախարարության և իրականացնող միավորի համատեղ մասնակցությամբ։ Դրանց ընդհանուր նախնական արժեքը մոտ 47,96 մլրդ դրամ է՝ ռազմավարության նախագծի մոտ 48,30 մլրդ դրամ ընդհանուր գնահատականի 99,3 տոկոսը։ Այս գումարը բնութագրում է հիմնադրամի մասնակցությամբ նախատեսվող միջոցառումների ծավալը և չի հանդիսանում նրա պահպանման բյուջեն կամ բացառապես նրա միջոցով տնօրինվող ֆինանսավորում։
Այս նախագծով առաջարկվող հիմնադրամի ստեղծումը հնարավորություն կտա նախապատրաստել ռազմավարական միջոցառումների իրականացման կազմակերպական հիմքը։ Ռազմավարական ծրագրի հաստատումից հետո հիմնադրամին վերապահվող կոնկրետ աշխատանքները, դրանց ժամկետները, ֆինանսավորումն ու արդյունքային ցուցանիշները կհստակեցվեն համապատասխան ծրագրերով և որոշումներով։
Գործողությունների ծրագրի նախագծի 4.1.1 միջոցառմամբ 2027 թվականի համար նախատեսվում է կառույցի ստեղծման և գործարկման փաթեթի հաստատում կառավարության որոշմամբ և առնվազն մեկ ծրագրի գործարկում։ Կառույցի ձևավորման ձգձգումը կարող է ռիսկեր առաջացնել դրա մասնակցությամբ նախատեսվող միջոցառումների ժամանակին մեկնարկի և համակարգված իրականացման համար։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում