15 երկրի ԱԳ նախարարները ողջունել են Իսրայելի դեմ պատժամիջnցները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի և ևս 14 երկրի ԱԳ նախարարները ողջունել են Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի պատժամիջոցները՝ կապված պաղեստինյան տարածքում իսրայելական բնակավայրերի կառուցման գործունեության հետ, և հույս են հայտնել, որ այլ պետություններ կհետևեն նրանց օրինակին, ասվում է նախարարների համատեղ հայտարարության մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն հայտարարել էր Հորդանան գետի Արևմտյան ափի բնակավայրերում կառուցապատմամբ զբաղվող ութ իսրայելական շինարարական ընկերությունների դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին, որոնք միջազգային իրավունքի տեսանկյունից համարվում են ապօրինի։
«Արտգործնախարարները ողջունում են Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի կառավարությունների որոշումները՝ օկուպացված պաղեստինյան տարածքում իսրայելական ապօրինի բնակավայրերի կառուցման գործունեությանն ի պատասխան պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ, ներառյալ՝ բնակավայրերի շինարարությանը մասնակցող ընկերությունների դեմ միջոցառումները»,- նշվում է փաստաթղթում, որի տեքստը մեջբերել է Թուրքիայի ԱԳՆ-ն։
Հայտարարությանը միացել են Թուրքիան, Ալժիրը, Եգիպտոսը, Ինդոնեզիան, Հորդանանը, Քուվեյթը, Լիբիան, Մալդիվները, Նիգերը, Պակիստանը, Պաղեստինը, Կատարը, Սաուդյան Արաբիան, Սոմալին և ԱՄԷ-ն։ Նախարարները նաև ողջունել են Գազայի հատված մարդասիրական օգնության առաքմանը խոչընդոտող կազմակերպության դեմ պատժամիջոցներ սահմանելու Լոնդոնի որոշումը։
Հայտարարության մասնակիցները սատարել են բնակավայրերի կառուցման գործունեությանը, բնակավայրերի ընդլայնմանը և բռնակցման քաղաքականությանը ներգրավված ֆիզիկական և իրավաբանական անձանց պատասխանատվության ենթարկելուն ուղղված միջազգային միջոցառումները։ Նրանք կրկին դատապարտել են օկուպացված Արևելյան Երուսաղեմից արևելք բնակավայրերի կառուցման ծրագիրն ու դրա հետ կապված գործողությունները։
Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հույս են հայտնել, որ Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի որոշումները կդրդեն այլ երկրների՝ ձեռնարկելու համանման միջոցներ։