Փաշինյանը և Գերմանիայի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ-ԵՄ-ի միջև առևտրատնտեսական կապերի խթանման ուղղությամբ իրականացվող քայլերը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլի գլխավորած պատվիրակությանը։ Վարչապետը ողջունել է Յոհան Վադեֆուլի այցը Հայաստան և ընդգծել երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը։
Նիկոլ Փաշինյանը շեշտել է Գերմանիայի աջակցությունը ՀՀ Կառավարությանը՝ ժողովրդավարական բարեփոխումների օրակարգն առաջ մղելու, ինչպես նաև ՀՀ–ԵՄ հարաբերությունների զարգացմանը նպաստելու գործում։ Երկրի ղեկավարի խոսքով՝ Գերմանիան, որպես ԵՄ անդամ, Հայաստանի առանցքային գործընկերներից մեկն է, և քաղաքական բարձր մակարդակի երկխոսությունը կրում է դինամիկ ու պարբերական բնույթ։ Յոհան Վադեֆուլը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով Հայաստանի հետ հարաբերությունները հետևողականորեն զարգացնելու Գերմանիայի պատրաստակամությունը։
Միաժամանակ, Գերմանիայի ԱԳ նախարարը շեշտել է իր երկրի Կառավարության աջակցությունը՝ ՀՀ–ԵՄ համագործակցության ընդլայնման ու խորացման ուղղությամբ։ Յոհան Վադեֆուլը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը՝ համոզմունք հայտնելով, որ ձևավորվող կառուցողական մթնոլորտը կնպաստի տարածաշրջանային կապերի խթանմանն ու փոխգործակցության զարգացմանը։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Գերմանիայի միջև տարբեր ոլորտներում հարաբերությունների ընդլայնմանը վերաբերող հարցեր։ Մասնավորապես, կարևորվել է կանաչ էներգիայի բնագավառում փոխգործակցության զարգացումը։
Անդրադարձ է կատարվել Հայաստանի և ԵՄ–ի միջև առևտրատնտեսական կապերի խթանմանը, Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման ուղղությամբ իրականացվող քայլերին։
Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային զարգացումների և տեղի ունեցող գործընթացների շուրջ։