Նախատեսվում է երկարաձգել Արցախից տեղահանված անձանց կարգավիճակի ժամկետը․ մանրամասներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի կառավարությունը նախատեսում է մեկ տարով երկարաձգել Արցախից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի գործողության ժամկետը։
Համապատասխան նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության նիստի օրակարգում (վաղը)։
Հիմնավորման մեջ նշված է, որ գործող օրենսդրության համաձայն՝ Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանությունը տրվում է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը՝ երկարաձգման հնարավորությամբ։
Առաջարկվում է ժամանակավոր պաշտպանություն ստացած անձանց տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը երկարաձգել ևս մեկ տարով՝ մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը՝ երկարաձգման հնարավորությամբ։
Համաձայն գործող կարգավորումների՝ «070» ծածկագրով անձնագիրը և ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականը Հայաստանի Հանրապետությունից դուրս գալիս վավեր են միայն համատեղ ներկայացվելու և գործածվելու դեպքում։ Միաժամանակ, «070» ծածկագրով անձնագրի վավերականության ժամկետը լրանալու դեպքում փոխանակման ենթակա է նաև ժամանակավոր պաշտպանության վկայականը։
«Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև ժամանակավոր պաշտպանություն ստացած անձանց կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու նպատակով դիմումների թվի աճը՝ անհրաժեշտություն է առաջացել ապահովելու նրանց անձը հաստատող փաստաթղթերի վավերականության շարունակականությունը»,- ասված է հիմնավորման մեջ։
2025 թվականի երկրորդ կիսամյակում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար դիմել է ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ունեցող 2,154 անձ, իսկ 2026 թվականի առաջին կիսամյակում՝ 6,929 անձ։
ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու համար անհրաժեշտ փաստաթղթերի շրջանակում օրենսդրությամբ սահմանված է ժամանակավոր պաշտպանություն ստացած անձի անձը հաստատող փաստաթղթի ներկայացման պահանջը։ Նախագծով առաջարկվում է ՀՀ-ում ժամանակավոր պաշտպանություն ստացած անձանց տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը երկարաձգել ևս մեկ տարով՝ մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը՝ երկարաձգման հնարավորությամբ։
«Առաջարկվող կարգավորումը հնարավորություն կտա ապահովել ժամանակավոր պաշտպանություն ստացած անձանց անձը հաստատող փաստաթղթերի վավերականության շարունակականությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու գործընթացում անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը՝ միաժամանակ նվազեցնելով փաստաթղթերի ժամկետները լրանալու հետևանքով առաջացող վարչական խոչընդոտները»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ։