«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել են հnգեմետ դեղահաբեր․ բուժքույրը ձերբակալվել
ԻՐԱՎՈՒՆՔՔրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Նուբարաշեն» տարածքային բաժնում նախապես ստացվել էին տեղեկություններ այն մասին, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի խցերից մեկում առկա են թմրամիջոցներ և արգելված իրեր։
Իրացնելով օպերատիվ տեղեկությունները՝ քրեակատարողական ծառայողները խուզարկություն են իրականացրել նշված խցում և հայտնաբերել են դեղահաբեր և ինքնաշեն խաղաթղթեր։ Օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում պարզվել է, որ հայտնաբերված դեղահաբերը հոգեմետ են, և դրանք խուց է բերել Առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բուժքույրը՝ տրամադրելով դեղահաբերն օրենքով սահմանված կարգով բժշկի նշանակում չունեցող ազատազրկված անձի։
Բուժքույրը ձերբակալվել է «Նուբարաշեն» տարածքային բաժնի ծառայողների կողմից, նյութերը փոխանցվել են ՀՀ ՔԿ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։ Նախաձեռնված վարույթի շրջանակներում բուժքրոջ նկատմամբ խափանման միջոց է ընտրվել վարչական հսկողությունը։