«Ժողովուրդ». Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի գործով ներգրավվել է 6 քննիչ և 3 դատախազ․ նոր բացահայտումներ են նախապատրաստվում
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դատավոր Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի դեմ հարուցված քրեական գործով 6 քննիչ է ներգրավվել և 3 դատախազ։
«Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ քննչական խմբի ստեղծելու հանգամանքը զարմացրել է դատավոր Մելքոնյանին, թե ինչու են 6 քննիչ ու 3 դատախազ ներգրավվել իր դեմ հարուցված քրեական գործով։
Սակայն սա դեռ սկիզբն է։ Դատական համակարգում աղմկահարույց քրեական գործերը այսքանով չեն ավարտվի։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ իրավապահ համակարգում կարծիք է հնչել, որ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի դեմ հարուցված քրեական գործերով դատական համակարգի աղմկահարույց քրեական գործերը չեն ավարտվելու, ու սլաքները գնում են դեպի Հակակոռուպցիոն դատարան։ «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ իրավապահ համակարգը օպերատիվ աշխատում է հակակոռուպցիոն դատարանի շուրջ, թե ինչ կբացահայտվի, ժամանակը ցույց կտա։
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն կոմիտեում, երբ դատավոր Մասիս Մելքոնյանին քննիչը հարցեր է ուղղել, վերջինս ասել է, որ, օգտվելով մեղադրյալի իրավունքից, հրաժարվում է ցուցմունք տալ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ին դատավոր Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի մեղադրանք առաջադրվեց, և խափանման միջոց ընտրվեց բացակայելու արգելքը:
Հիշեցնենք, որ քրեական գործը բացառապես կապված է Մասիս Մելքոնյանի վարույթում քննվող՝ վարորդական իրավունքից զրկված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու դեպքին: Դատավորին վերագրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու արարք, որը դրսևորվում է նրանում, որ դատավոր Գևորգ Պողոսյանի դրդմամբ փոխել է իր վարույթում գտնվող գործով մեղադրյալի խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը, և գրավ կիրառել:
Հայտնել էինք, որ դատավորներին գաղտնալսել են: Մասնավորապես, գաղտնալսման ժամանակ դատավոր Գագիկ Պողոսյանը, որը դատական համակարգում մեծ հարգանք ունի, դիմում է Մասիս Մելքոնյանին խնդրանքով։
ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ դատավոր Պողոսյանը խնդրում է Մասիս Մելքոնյանին օգնել իր ծանոթներից մեկին, որը, վարորդական իրավունքից զրկված լինելով, մեքենա է վարել և հայտնվել մեղադրյալի աթոռին։ Կարո՞ղ է արդյոք վերացնել խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը, որպեսզի նշված անձը երկրից դուրս գա և վերադառնա։ Դատավոր Պողոսյանի այս խնդրանքը Մասիս Մելքոնյանը չի մերժում և ընդառաջում է նրան»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում