ԱՄՆ ռազմաօդային ուժերն առաջին անգամ փորձարկել են B-21 Raider գաղտնագողի ռմբակոծիչի սպառազինությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ ռազմաօդային ուժերն առաջին անգամ փորձարկել են նորագույն սերնդի B-21 Raider աննկատ ռազմավարական ռմբակոծիչի սպառազինությունը՝ գործնականում հաստատելով դրանով սովորական զինամթերք կիրառելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Ինչպես նշել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի նախարարությունից, այս փորձարկումով ինքնաթիռը թռիչքային փորձարկումների փուլից անցում է կատարում դեպի լիարժեք մարտական հարթակի կարգավիճակ։
Փորձարկման ընթացքում B-21-ն օդ է բարձրացել Կալիֆոռնիայի «Էդվարդս» ավիաբազայից և սովորական զինամթերք նետել։ Գերատեսչության տվյալներով՝ թեստն ապացուցել է ինքնաթիռի թվային մոդելների և բաց համակարգային ճարտարապետության արդյունավետությունը, ինչն էլ թույլ է տալիս նոր զինատեսակներն օպերատիվ կերպով ինտեգրել համակարգին։
«B-21-ը ստեղծված է զինված ուժերի մարտական հնարավորություններն ընդլայնելու նպատակով։ Այն աչքի է ընկնում հուսալիությամբ և սպասարկման պարզությամբ, ինչն ապահովում է նոր զինատեսակների արագ ներդրումը։ Այս հաջող փորձարկումը ցույց է տալիս արագ հարմարվելու և, զսպման մեխանիզմների ձախողման դեպքում, ցանկացած թիրախ հարվածի տակ պահելու մեր ունակությունը»,- հայտարարել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի նախարար Տրոյ Մեյնքը։
ԱՄՆ ռազմաօդային ուժերի շտաբի պետ Քեն Ուիլսբախն իր հերթին այս փորձարկումը որակել է որպես ծրագրի հաջող ընթացքի վկայություն։
B-21 Raider ռմբակոծիչը մշակվում է Northrop Grumman ընկերության կողմից՝ ԱՄՆ ՌՕՈՒ-ի հետ դեռևս 2015 թվականին կնքված պայմանագրի շրջանակում։ Ինքնաթիռը նախատեսված է հակաօդային պաշտպանության ժամանակակից բազմաշերտ համակարգերը ճեղքելու համար և ունակ է կրելու ինչպես սովորական, այնպես էլ միջուկային զինամթերք։
Այս ծրագրում Northrop Grumman-ի գործընկերների թվում են Pratt & Whitney, Janicki Industries, Collins Aerospace, GKN Aerospace, BAE Systems ընկերությունները, ինչպես նաև Boeing Spirit AeroSystems ստորաբաժանումը։
ԱՄՆ ռազմաօդային ուժերի փոխանցմամբ՝ ծրագիրն առաջ է անցել նախատեսված ժամանակացույցից։ Ակնկալվում է, որ առաջին սերիական ինքնաթիռը սպառազինության կընդունվի 2027 թվականին և կտեղակայվի Հարավային Դակոտայի «Էլսուորթ» ավիաբազայում։