«Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. Սպառնալի՞ք ԵՄ-ի հետ հարաբերություններին»
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ2026 թվականի հոկտեմբերի սկզբին Հայաստանի ծայրահեղ աջ ընդդիմադիր «Ադեկվադ» կուսակցության առաջնորդ Արթուր Դանիելյանը ձերբակալվել է Facebook-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին քննադատող գրառման համար: Այս միջադեպը եզակի չէ. վերջին երկու տարիների ընթացքում ՀՀ քննչական կոմիտեն մեղադրանքներ է առաջադրել բազմաթիվ ընդդիմադիր գործիչների հիմնվելով նրանց սոցիալական ցանցերում ակտիվության վրա: ՀՀ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները զգուշացնում են, որ այս ընտրովի արդարադատությունը վկայում է ժողովրդավարական սկզբունքներից տագնապալի նահանջի մասին և հրավիրում են ԵՄ ուշադրությունը այս իրավիճակի վրա, գրում է dw.com–ը:
Դանիելյանի ձերբակալությունը տեղի է ունեցել Facebook-ում հրապարակված գրառումներից հետո, որոնցում նա քննադատել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և երկրի հետախուզական ծառայություններին: Տասից ավելի հայկական քաղաքացիական հասարակության կազմակերպություններ դատապարտել են «Ադեկվադ» կուսակցության առաջնորդի քրեական հետապնդումը այն անվանելով «ակնհայտորեն անօրինական, անհամաչափ և քաղաքականապես դրդապատճառներով»: Դանիելյանի գործից առաջ էլ մի քանի այլ քրեական գործեր էին հարուցվել այն ակտիվիստների դեմ, ովքեր հաճախ էին քննադատում գործող կառավարությանը կամ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Մեկ այլ աղմկահարույց դեպք էլ տեղի էր ունեցել հունիսյան խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ: Լեռնային Ղարաբաղից ներքին տեղահանված ակտիվիստ Արթուր Օսիպյանն էր ձերբակալվել Փաշինյանի հետ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ նրա քաղաքականության վերաբերյալ բանավոր վիճաբանությունից հետո: Դեպքից հետո Հայաստանի քննչական կոմիտեն Օսիպյանին մեղադրանք էր առաջադրել հասարակական կարգը խախտելու և իշխող կուսակցության նախընտրական քարոզարշավը խոչընդոտելու համար:
2020 թվականի ապրիլի 15-ին Հայաստանի քրեական օրենսգրքում փոփոխվեց 226.2 հոդվածը, որը քրեականացնում է բռնության հրապարակային կոչերը, ինչպես նաև բռնության հրապարակային արդարացումը կամ քարոզչությունը: Freedom House-ի 2025 թվականի զեկույցի համաձայն «2020 թվականի Քրեական օրենսգրքի փոփոխության համաձայն բռնության հրահրման հետ կապված հետապնդումների գրեթե 95 տոկոսը ներառել է վարչապետ Փաշինյանի և նրա կողմնակիցների նկատմամբ ենթադրյալ սպառնալիքներ, մինչդեռ իշխող կուսակցության անդամների կողմից հնարավոր արգելված հայտարարությունները, կարծես թե, նմանատիպ արձագանք չեն ունեցել»։
2026 թվականի ընտրական շրջանում Երևանում գործող անկախ վերլուծական «Տարածաշրջանային ժողովրդավարության և անվտանգության» կենտրոնը մոնիթորինգ է իրականացրել Լեռնային Ղարաբաղից փախստականների հասցեին ուղղված առցանց ատելության խոսքի վերաբերյալ։ Նրանց զեկույցները փաստագրել են այն, թե ինչպես են կառավարամետ բլոգերները և ազդեցիկ սոցիալական ցանցերի օգտատերերը օգտագործել իրենց հարթակները Լեռնային Ղարաբաղից ներքին տեղահանված անձանց դեմ թշնամական հռետորաբանություն տարածելու համար նրանց նկատմամբ օգտագործելով վիրավորական լեզու։ Բայց չնայած այս զեկույցներին Հայաստանի իրավապահ մարմինները, ընդհանուր առմամբ, ձեռնպահ են մնում այդ ակտիվիստներին հետապնդելուց։ Վերջին տարիներին Հայաստանը բախվել է «իրավապահ մարմինների կողմից ընդդիմադիր թեկնածուների և ակտիվիստների դեմ ինտենսիվ ճնշման կիրառման», - նշել է ԵԽԽՎ–ն իր 2026 թվականի սեպտեմբերի զեկույցում և կոչ արել Հայաստանի իշխանություններին «դադարեցնել ընդդիմության ընտրողական հետապնդումը և ապահովել, որ ընտրություններին վերաբերող բոլոր ընթացակարգային կանոնները պահպանվեն»:
Երևանի փորձագետները dw.com–ի հետ զրույցում ասել են, որ չնայած ԵՄ-ի հետ կապերը ամրապնդելու Հայաստանի ջանքերին, Բրյուսելը ձեռնպահ է մնում ընդդիմության ձայների ճնշմանը ի պատասխան կոշտ գնահատականներից: «ԵՄ-ն, ընդհանուր առմամբ, շատ պրագմատիկ և աշխարհաքաղաքականացված մոտեցում է որդեգրում, - նշել է քաղաքական վերլուծաբան Տիգրան Գրիգորյանը,–հաշվի առնելով տարածաշրջանային տարբեր զարգացումները, այդ թվում Վրաստանում տեղի ունեցողը, Հայաստանն այժմ դարձել է ԵՄ-ի հիմնական գործընկերը տարածաշրջանում: Եվ դա այն փաստի հետ մեկտեղ, որ Փաշինյանի այլընտրանքը ռուսամետ ընդդիմությունն է, այս քրեական գործերի նկատմամբ, ի վերջո, լուրջ արձագանք չի լինում»: Գերմանական արտաքին հարաբերությունների խորհրդի Արևելյան Եվրոպայի փորձագետ Ստեֆան Մեյստերը կիսում է այս տեսակետը: Նրա խոսքով Եվրոպայի կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը, կարծես, «հիմնականում թելադրված է Ռուսաստանի նկատմամբ եվրոպական քաղաքականությամբ»։ «Այսպիսով, խոսքը ոչ այնքան Հայաստանի մասին է, որքան այն ուժերի ամրապնդման մասին, որոնք խաթարում են Ռուսաստանի ազդեցությունը երկրում», - նշել է նա։
Մայստերը կարծում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շահագործում է այս աշխարհաքաղաքական դինամիկան ներքին քաղաքական հակառակորդներին Ռուսաստանի լիազորված անձինք անվանելու համար, սակայն ոչ բոլորն են ռուսամետ, ովքեր քննադատում են Փաշինյանին։ Նա նշել է, որ «ԵՄ-ն, որոշ առումով, ընկել է այս թակարդը ընդունելով այս ամնենը որպես ճիշտ»։ Նրա խոսքով Բրյուսելը ռիսկի է դիմում կրկնել անցյալի սխալները, որոնք թույլ էին տրվել Վրաստանի նման երկրների հետ։
«Ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և մարդու հիմնարար իրավունքները կազմում են ԵՄ-ՀՀ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ԵՄ-ՀՀ ռազմավարական գործընկերության օրակարգի հիմքը», - dw.com–ի հարցմանը գրավոր պատասխանել է ԵՄ խոսնակը,– այս շրջանակը նախատեսում է, որ Հայաստանը կատարի իր պարտավորությունները, այդ թվում խոսքի ազատությունը պաշտպանելու և խթանելու իր պարտավորությունները։»: Պատասխանում նաև ընդգծվել է, որ «ԵՄ-ն ուշադիր հետևում է երկրում տեղի ունեցող զարգացումներին, այդ թվում քրեական հետաքննություններին, համաձայն Հայաստանի միջազգային պարտավորությունների և իրավական շրջանակի նման հետաքննությունները պետք է իրականացվեն անկախ և անաչառ, անկախ քաղաքական նկատառումներից»:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am