ԱԺ հանձնաժողովը մերժել է ժողովրդավարության հետընթացի վերաբերյալ «Հայաստան» խմբակցության հայտարարության նախագիծը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱզգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը մերժել է ժողովրդավարության հետընթացի վերաբերյալ «Հայաստան» խմբակցության հայտարարության նախագիծը։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Հայաստան» խմբակցության նախաձեռնությունը նոյեմբերի 12-ի նիստում ներկայացրել է խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։ Նա հայտնել է, որ նույն թեմայով խմբակցությունը նոյեմբերի 16-ին, ժամը 11։00-ին հրավիրել է խորհրդարանական լսումներ։
Գալստյանի խոսքով՝ նախաձեռնության հիմքում «Հայաստանում ժողովրդավարության վիճակի, մարդու իրավունքների պաշտպանության և քաղաքական հետապնդումների վերաբերյալ խմբակցության մտահոգություններն են»։
Նա անդրադարձել է դատական համակարգի անկախությանը, կալանքի կիրառմանը, արդար դատաքննության, խոսքի և հավաքների ազատության խնդիրներին՝ ներկայացնելով խմբակցության գնահատականները։
Գալստյանը նաև ընդգծել է, որ խնդիրների քննարկումն ու լուծումների որոնումը պետք է լինեն իշխանության և ընդդիմության համատեղ հետաքրքրության առարկա։
«Ցանկացած պետություն, ցանկացած իշխանություն պիտի շահագրգռված լինի այս խնդիրների շուրջ անկեղծ քննարկում կազմակերպելու, առերեսվելու և նաև լուծումներ տալու։ Ես այստեղ չեմ խորշում ասելու, որ լուծումները մենք կարող ենք միասին նաև քննարկել»,- նշել է նա։
Հանձնաժողովի նախագահ Արուսյակ Ջուլհակյանը պատասխանել է, որ իշխանությունը շահագրգռված է իրական խնդիրների քննարկմամբ, սակայն չի կիսում ներկայացված բոլոր գնահատականները։
«Բնականաբար, մենք շահագրգռված ենք քննարկելու, բայց իրական խնդիրները, այլ ոչ թե մտացածին, ինչը չի նշանակում, որ Ձեր կողմից արձանագրված բոլոր խնդիրները մտացածին են, բայց, իմ կարծիքով, դրանց մի մասը առնվազն մտացածին է»,- ասել է Ջուլհակյանը։
Նա հավելել է, որ միջազգային զեկույցներն ուսումնասիրվում են, և դրանցում արձանագրված խնդիրների լուծման ուղղությամբ աշխատանք է կատարվում։
Քննարկման ավարտին հայտարարության նախագիծը դրվել է քվեարկության և մերժվել։